armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իշխանությանը մեղադրեց 2018-ին իր տված խոստումները չկատարելու մեջ:
Իր ելույթում Թևանյանը նշեց՝ 2018-ի փոփոխություններից հետո մարդկանց սպասումները չեն իրականացել: Պատգամավորը կարծում է, որ գործող իշխանությունը բարեփոխումներ չի իրականացրել:
«Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը: Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23.5 տոկոս, իսկը 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26.5 տոկոս: Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ 2021-ին՝ 1.5 տոկոսը»,-ասաց Թևանյանը:
Պատգամավորը հիշեցրեց վարչապետի խոսքերը՝ «մարդը տուգանքի մատերիալ չէ, թալանի մատերիալ չէ»: Թևանյանը կարծում է, որ հիմա մարդիկ «թալանվում են» նաև խանութներում, բանկերում և ԿԲ-ի փոխարժեքային քաղաքականության միջոցով: Նա դրամի արժևորումը համարեց այդ «թալանի» տարատեսակներից:
«Էժան դոլարից վնասվում են արտահանողները, ՏՏ ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումար ստացողները: Մարդիկ և դոլարը մանրելիս են «գրպանահատության» ենթարկվում, և դրամով թանկ ապրանք գնելիս: ԿԲ-ն վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ: ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ, և այդ գործիքներով չպետք է թույլ տար այսպիսի «թալան» »,-ասաց Թևանյանը:
Նա նաև հիշեցրեց պատերազմի, պատերազմում հազարավոր զոհերի, գերիների մասին: Ըստ նրա՝ այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին ղեկավարի սխալները: Պատգամավորը իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելու մեջ:
comment.count (0)