Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահ |armenpress.am|
17:52 - 01 հուլիսի, 2025

Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։

Այս մասին ԱԺ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 

«Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում»,-ասաց ԱԺ նախագահը։ 

Նա կարծիք է հայտնել, որ ռուսական որոշ հաղորդումներ վնաս են պատճառում հայ-ռուսական հարաբերություններին։ 

«Մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և այլ պաշտոնյաների շատ լավ այցեր, իսկ հիմա ինչ-որ մարդիկ, հնարավոր է, Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվելով՝ փորձում են պաշտպանել վերջինիս։ Թող չխառնվեն մեր ներքին գործերին»,-նշեց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը շեշտեց, որ նման հաղորդումները և դիրքորոշումները բացասական էմոցիաներ են առաջացնում ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների մոտ։ 

«Եթե կան ալիքներ, որոնք իրենց թույլ են տալիս խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե, մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք՝ առնվազն արգելելով մուտքը մեր հանրության բնակարաններ»,-եզրափակեց Սիմոնյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել