Ուղևորը պետք է ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վճարի տրանսպորտում և կրիչը ողջ ընթացքում պահի իր մոտ՝ հսկիչին ցույց տալու համար
12:54 - 01 հուլիսի, 2025

Ուղևորը պետք է ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում վճարի տրանսպորտում և կրիչը ողջ ընթացքում պահի իր մոտ՝ հսկիչին ցույց տալու համար

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկեց Երևանի տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանք սահմանելուն ուղղված օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար:

Մասնավորապես՝

  • ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ:
  • Տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով՝ 15 000 դրամ,
  • ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքապատիկի չափով՝ 3000 դրամ:

Նախատեսվում է, որ վճարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի լիազորած համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:

Նրանք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնականացում կատարելու համար:

Նախագծով առաջարկվում է նաև, որ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել այն անհրաժեշտության դեպքում հհսկողություն իրականացնող անձանց տրամադրելու համար: Չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկություն և սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝ լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել