Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար |armenpress.am|
17:33 - 24 ապրիլի, 2023

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) չորս ներկայացուցիչների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումներին մասնակցելու կամ դրանց օժանդակելու համար։ Պատժամիջոցների նոր ցանկն այսօր զետեղվել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության կայքում: Դրա վերաբերյալ նաև հաղորդել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունն իր Twitter-ի էջում։

Պատժամիջոցների են ենթարկվել է ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Նազար Ազիմին՝ «Քերմանշահի նահանգում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու» համար, Արևմտյան Ադրբեջանի նահանգում ԻՀՊԿ-ի ստորաբաժանման հրամանատար Հաբիբ Շահսավարին՝ «Մեհաբադում և Փիրանշեհրում բողոքի ցույցերի ճնշման համար», Մարքազի նահանգում ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհսեն Քարիմին՝ «բողոքների դաժան ճնշման համար», և ԻՀՊԿ-ի «Քերբալա» օպերատիվ բազայի հրամանատար Ահմադ Քադեմը՝ «Խուզեստանի նահանգի Իզե քաղաքում բողոքի ցույցերի ճնշման համար»:

Սահմանված պատժամիջոցները ենթադրում են ֆինանսական ակտիվների սառեցում Միացյալ Թագավորությունում դրանց հայտնաբերման դեպքում, ինչպես նաև Մեծ Բրիտանիա մուտքի արգելք։

«Իրանի վարչակարգը պատասխանատու է իրանցի ժողովրդի նկատմամբ դաժան բռնաճնշումների և ամբողջ աշխարհով մեկ արյունահեղության արտահանման համար: Հենց այդ պատճառով մենք ավելի քան 300 պատժամիջոցներ ենք սահմանել Իրանի դեմ, այդ թվում՝ ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ», - հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլին:

«Այսօր ԵՄ-ն ևս մեկ հստակ նախազգուշացում ուղարկեց Իրանին: Միջազգային հարցերի խորհուրդը (FAC) ընդունել է պատժամիջոցների 7-րդ փաթեթն այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք մեղավոր են Իրանում մարդու իրավունքների խախտման համար», - նշված է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության հաղորդագրության մեջ:    

Եվրամիությունն արդեն պատժամիջոցների վեց փաթեթ է սահմանել Իրանի դեմ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների համար։ ԵՄ պատժամիջոցների ներքո են հայտնվել 204 մարդ և 34 կազմակերպություն։ Դրանք ներառում են եվրոպական ակտիվների սառեցում, Եվրամիություն մուտքի արգելք և սև ցուցակում հայտնվածների հետ ցանկացած գործարար շփումների արգելք: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների մշտական ​​սահմանումը չպետք է ազդի միջուկային համաձայնագրի վերականգնման ջանքերի վրա, ինչը պետք է երաշխավորի, որ Թեհրանի ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ կրի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել