Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավել գումար է հատկացվել․ Կարապետյան |armtimes.com|
08:20 - 15 նոյեմբերի, 2019

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավել գումար է հատկացվել․ Կարապետյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ-ում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը:

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խոսեց բյուջեի մի շարք դրական ու արդյունավետ կողմերի մասին: Նրա կարծիքով՝ այդքան էլ արդյունավետ չէ ԱԺ ամբիոնը ծառայեցնել թվերի մասին խոսելու համար, բայց որոշակի ծրագրեր կան, որտեղ կա բարելավման պոտենցիալ:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Կարապետյանը նշեց, որ բյուջեում շատ մանրակրկիտ է քննարկվել այս ոլորտը։ Պատգամավորը երեք շատ կարեւոր ծրագրեր առանձնացրեց։ Առաջինը ռոբոտաշինության զարգացման ծրագիրն է, որն, ըստ Կարապետյանի, կրթական նոր մշակույթն է, որ մտնում է դպրոց՝ աշակերտներին տալով նոր հնարավորություն՝ ստանդարտ առարկաներից ու դասաժամերից անցում կատարել դեպի ստեղծագործականություն:

Երկրորդը «Ապահով դպրոց» ծրագիրն է, որտեղ 8 անգամ ավել ներդրումներ են լինելու: Սա թույլ է տալիս հավասար կառույցային պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր աշակերտների համար, լինի դա Երեւանի կենտրոնում, թե՝ սամանամերձ գյուղերում:

Մյուս ծրագիրն ուղղված է հայոց լեզվի դասավանդմանը օտարերկրյա դպրոցներում, որտեղ 70 տոկոսով ավելի գումար է հատկացվել, քան 2018-ին: Սա պատասխանն է այն հարցի, թե ինչ մոտեցում ունի կառավարությունը հայոց լեզվի վերաբերյալ, իսկ ԲՈՒՀ-երի հետ կապված՝ Կարապետյանը նշեց, որ դրանք, որպես ակադեմիական հաստատություններ, իրենք պետք է որոշեն, թե ինչպես դասավանդեն հայոց լեզուն: Պատգամավորի կարծիքով սա ճիշտ մոտեցում է, քանի որ տարբեր մասնագիտությունների շրջանակներում հայոց լեզուն պետք է դասավանդվի տարբեր կերպ:

Պատգամավորը նաեւ առանձնացրեց երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը, որտեղ 6.5 անգամ ավել գումար է հատկացվել, քան անցած տարի․ «Աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի լինելուց»,-ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ 2020-ին վերջնականապես կլուծվի այս հարցը:

Տարածքային կառավարման ոլորտում կան մի շարք ծրագրեր, որոնք Կարապետյանը առանձնացրեց: Դրանցից առաջինը ճանապարհաշինությունը բարեկարգող ծրագրերն են, որտեղ կա 4 անգամ ավելի գումարի աճ, մասնավորապես Գյումրիում՝ 12անգամ ավելի: Ոռոգման համակարգերի բարեկարգմանն ուղված ծրագրի միջոցներն էլ աճել են 15 անգամ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել