Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում
16:41 - 03 մայիսի, 2023

Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր մեր երկրում, հակակոռուպցիոն ի՞նչ բարեփոխումներ կան․ հարցում

Նախօրեին հրապարակվեցին Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մասնավորապես հունվարի 23-մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Իսկ հարցումներում ընդգրկվել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։

Որքանո՞վ է կոռուպցիան (կաշառակերությունը) խնդիր մեր երկրում․ ահա այս հարցին մասնակիցների 41%-ը պատասխանել է, որ կոռուպցիան Հայաստանում շատ մեծ խնդիր է, 6%-ը կարծում է, որ կոռուպցիան շատ փոքր խնդիր է կամ չկա այդպիսի խնդիր։ 32%-ը պատասխանել է, որ կոռուպցիան ավելի շուտ մեծ խնդիր է, իսկ 19%-ը՝ հակառակ կարծիքին է՝ կոռուպցիան ավելի շուտ փոքր խնդիր է։

Հարցվածների 21%-ը կարծում է, որ անցած 12 ամիսների ընթացքում իշխանությունների շրջանում կոռուպցիան աճել է, 30%-ը կարծում է՝ նվազել է, 39%-ը կարծում է, որ կոռուպցիան մնացել է նույնը, 10%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հարցումների ժամանակ ընթերցվել է հաստատությունների ցանկ, եւ հարցվողները պատասխանել են, թե ըստ իրենց դրանցից յուրաքանչյուրում կոռուպցիան առկա է շատ, որոշ չափով, քիչ, թե՞ չկա ընդհանրապես:

Այսպես, հարցվածների 21%-ը կարծում է, որ հանրային առողջապահական հաստատություններում կոռուպցիան շատ է, հարցվածների նույնքան տոկոսը կարծում է, որ այս հաստատություններում կոռուպցիա չկա, 37%-ը կարծում է, որ որոշ չափով կա։

Հարցվածների 20%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիան շատ է, 12%-ը պատասխանել է, որ դատարաններում կոռուպցիա չկա, իսկ 34%-ը կարծում է, որ կոռուպցիա կա որոշ չափով։

Ոստիկանության, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության վերաբերյալ հարցին 12%-ը պատասխանել է, որ կոռուպցիան շատ է, 28%-ը պատասխանել է, որ չկա, իսկ 33%-ը պատասխանել է, որ կա որոշ չափով։

Հարցվածները թվել են նաեւ իրենց իմացած հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք ներդրվել են կառավարության կողմից։ Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 32%-ը չի նշել ոչ մի բարեփոխում, 7%-ը նշել է, որ կա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացում, 4%-ը հիշատակել է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների մասին, 2%-ը՝ Հակակոռուպցիոն դատարանի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել