Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|
20:13 - 03 մայիսի, 2023

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Վաշինգտոնում քննարկվում է այն, ինչ ես այս ամբիոնից ներկայացրել եմ։ Այո՛, սեղանին կա փաստաթուղթ և այն փաստաթուղթն է, որին ես տիկին Խամոյանին իր բարձրացրած հարցից հետո առաջարկել եմ գալ ու ծանոթանալ։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ թե ինչ են քննարկում վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում։

Նրա խոսքով՝ պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումից հետո ինքն առաջարկել է՝ գալ ու ծանոթանալ, սակայն ընդդիմադիր պատգամավորը չի ցանկացել։

«Ես հանձնարել եմ ԱԳՆ-ին, որ ձեզ հրավիրեն ու ծանոթացնեն, ինքն էլ ասաց՝ պետք չի։ Բայց ես դա առիթ չեմ օգտագործում ասելու՝ լավ, չեք ուզում, ուրեմն պետք չէ։ Կարող եք ծանոթանալ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ես ասել եմ՝ մանրամասների, տեքստային տարբերակների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ և մեր ռեակցիաներին ծանոթանալ»,-ասաց Փաշինյանը։

Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։

«Եթե պարզվի, որ թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են՝ ստորագրել, թե չէ, դա վատ նորություն չԷ, լավ նորություն է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ցանկացած լավ կամ վատ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա, ուստի այլևս ոչինչ հավելել պետք չէ։

Նա նաև մանրամասնեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։

«Հաշվի առնելով, թե որքան մեծ ճնշման տակ են նրանք՝ ես ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր քաղաքական ուղեգծի և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում։ Իհարկե, այստեղ էլ թակարդ կա, քանի որ բանակցություններում միշտ էլ կարող է նոր առաջարկ ի հայտ գալ։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, որոնք նախկինում մեր մտքով չէին անցել»,- նշեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել