Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
 |pastinfo.am|
12:01 - 04 մայիսի, 2023

Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հանրապետությունում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ կներդրվի երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ։ Առաջինը՝ անցումային լիցենզավորումը, վերաբերելու է օրդինատուրայում սովորողներին։ Բժշկի հսկողության տակ օրդինատորները հնաարվորություն կունենան բժշկական գործունեությամբ զբաղվելու։ Օրդինատորներին անհատական լիցենզիաներ կսկսեն տրամադրվել 2024 թ․ հունվարի 1-ից։ Իսկ 2026թ․ հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կներդրվի։

«Լիցենզիաները տրամադրվելու են որոշակի հմտությունների բավարարման դեպքում՝ 5 տարի ժամկետով, բայց կշարունակեն գործել եթե դրանց կասեցման հիմքեր չլինեն։ Որպես այդպիսիք կարող են լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը և այլն»,-նշեց նախարարը։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց: Ընդ որում, վերջինս տրամադրվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության հանձնման արդյունքում:

Նախագծով սահմանվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում ուսումնառող անձինք հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով:

Սահմանվել է, որ անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար պարտադիր է ՇՄԶ հավաստագիրը, որի առկայության դեպքում լիցենզիայի ժամկետը ավտոմատ կերկարաձգվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել