Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|
09:23 - 09 մայիսի, 2023

Պետդեպ. Արլինգթոնի քննարկումներում զգալի առաջընթաց է գրանցվել բարդ խնդիրների լուծման գործում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ անցած շաբաթ Արլինգթոնում տեղի ունեցած քառօրյա քննարկումները կառուցողական էին, Պետդեպարտամենտում կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը մոտ է», - ասել է նա։

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք լիակատար աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ից, քանի դեռ երկու պետությունները շարունակում են երկխոսությունը, շարունակում են ձգտել տևական և կայուն խաղաղության», - վստահեցրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ առկա տվյալների, նշել է Պատելը, կողմերը շարունակում են փոխգործակցությունը. - «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»։

Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը հավելել է, որ ուղիղ երկխոսությունը, ըստ Վաշինգտոնի, առանցքային է Բաքվի և Երևանի միջև «խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել