Դատարանի որոշմամբ Իգոր Խաչատուրովն արդարացվել է
12:05 - 10 մայիսի, 2023

Դատարանի որոշմամբ Իգոր Խաչատուրովն արդարացվել է

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արդարացման վերդիկտ է կայացրել Իգոր Խաչատուրովի վերաբերյալ։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հայտնեցին դատարանից։

Խաչատուրովն արդարացվել է մեղսագրվող արարքը կատարած չլինելու պատճառաբանությամբ։

Գործով լրացուցիչ դատալսումներ են նշանակվել մայիսի 22-ին։

Նշենք, որ 2022 թ․ ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանը մինչեւ դատավճիռ կայացնելը գրավոր հետեւություն՝ վերդիկտ է կայացնում մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ։ Դրանից հետո նշանակվում են լրացուցիչ դատալսումներ՝ ի թիվս այլնի նաեւ արդարացված մեղադրյալի ռեաբիլիտացիայի (տրվող հատուցում, իրավունքների վերականգնում) հարցը քննարկելու նպատակով։

Հիշեցնենք՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2022 թ․ մայիսին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 316-րդ հոդվածի 1-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2022 թվականի մայիսի 17-ին Կիեւյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակից Խաչատուրովը չի ենթարկվել ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին եւ նրա նկատմամբ բռնություն է գործադրել։ Նույն օրը Խաչատուրովը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։ Հետագայում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել էր գրավով։ 

Դատարանն այսօր որոշեց նաեւ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել՝ գրավի գումարը վերադարձնելով գրավատուին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել