Սև ծովում ռուսական կործանիչը որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը․ ՌԴ դեսպանը Վարշավայի ԱԳՆ է կանչվել

 |factor.am|
13:12 - 11 մայիսի, 2023

Սև ծովում ռուսական կործանիչը որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը․ ՌԴ դեսպանը Վարշավայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

factor.am: Վարշավայում Ռուսաստանի դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարություն է կանչվել այն բանից հետո, երբ ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռները դժվարությամբ են խուսափել բախումից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ռուսական կողմի սադրիչ և ագրեսիվ պահվածքը, որը հանգեցրել է լուրջ միջազգային միջադեպի»,- Թվիթերում գրել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Լուկաշ Յասինան։

Ռուսական Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչն անցած ուրբաթ որսացել է Լեհաստանի սահմանապահ ինքնաթիռը, որը Ռումինիայի հետ սահմանի մոտակայքում՝ Սև ծովում պարեկություն էր իրականացնում: Տեղեկացվում է, որ լեհական օդանավի թռիչքը ԵՄ երկրների համատեղ առաքելության մաս էր՝ սանձելու անօրինական միգրացիան, անօրինական ձկնորսությունը, ծովի աղտոտվածությունը և սահմանային այլ խախտումներ Սև ծովի արևմտյան մասում:

Ըստ Վարշավայի՝ ռուսական ինքնաթիռը մուտք է գործել այս գոտի առանց ռադիոկապի և մի քանի անգամ վտանգավոր հեռավորությամբ մոտեցել լեհական ինքնաթիռին, ինչը քիչ է մնացել՝ բախման պատճառ դառնա, և լեհ օդաչուները ժամանակավորապես կորցրել են օդանավի կառավարումը։ Միևնույն ժամանակ, չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանը՝ կապված մեկ այլ միջադեպի հետ, երբ մայիսի 9-ին ուկրաինացի ակտիվիստները թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպանին ծաղիկներ դնել զոհված խորհրդային զինվորների դամբարանին։

Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ գերեզմանատան մուտքի դիմաց ակտիվիստները տեղադրել են Ուկրաինայի դրոշներ ու խաչեր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվածների անուններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել