Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար |armenpress.am|
16:22 - 18 մայիսի, 2023

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար:

համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում:

«Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով իրականացնել մի շարք բարելավումներ: Մասնավորապես՝ 2023 թ. ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է 1000-ը, նրանց կոնկրետ թիվը 1111 է: Որոշման նախագծով՝ նաև բոլոր նրանք, ովքեր վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվելու են ծրագրից: Զինծառայողներին հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակներում համագործակցել նաև այլ բանկերի հետ, նախկինում միայն մեկ բանկ էր:

«Ծրագրի շրջանակներում պետության կողմից կանխավճարի չափը սահմանվում է 2.5 մլն դրամ՝ գործող 28.5 մլն դրամի 10 տոկոսի փոխարեն: Եթե նախկինում զինծառայողի ընտրած բնակարանը կարող էր արժենալ 10 մլն դրամ, և նա որպես կանխավճար ստանար 10 տոկոսը, ապա հիմա բոլորը կարող են միանվագ որպես կանխավճար ստանալ 2.5 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից, իսկ մնացած տոկոսի մասով զինծառայողը հնարավորություն է ունենալու գումարը հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին: Իսկ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է  13 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը: Անհատական բնակելի տան կառուցման համար վարկերը տրամադրվելու են կառուցապատման արժեքի՝ այն է՝ նախահաշվի մինչև 80 տոկոսի չափով և առանձին փուլերով: Հանվում են ծրագրի շրջանակներում վարկի ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարները:

«Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»,-հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց՝ նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, Կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Պաշտպանության նախարարը, սակայն, հավելեց, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցեն: Սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել