Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
14:48 - 19 մայիսի, 2023

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Ինչպես տեղեկացնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած՝ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։ «Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը կատարվել է փոքրահասակների համար նախատեսված հումքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության կապակցությամբ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։ Արտաշատ քաղաքի 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել