Քննչական կոմիտեի քննիչները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան
 |armenpress.am|
12:38 - 23 մայիսի, 2023

Քննչական կոմիտեի քննիչները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան |armenpress.am|

armenpress.am: Քննչական կոմիտեի քննիչները պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

Նա նշեց՝ սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տրվում է  հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Այվազյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված: «2020 թ ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 32 հազար 483 քրեական գործ, 2021-ին այդ թիվը կազմել է 41 հազար 883, 2022-ին՝ 59 հազար 830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021-ին այն բարձրացել և դարձել է 87 վարույթ, իսկ 2022-ին՝ 111 վարույթ: Տարեցտարի այս աճն ավելանում է»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործերի նման աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամը հաճախ հասնում է 12-13 ժամի, հաճախ աշխատում են անգամ ոչ աշխատանքային օրերի ու ժամերի:

Ի պատասխան Արսեն Թորոսյանի հարցին՝ թե միջինում որքա՞ն են վարձատրվում ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչները և հետևաբար այդ 92 տոկոս հավելման դեպքում ինչքա՞ն կկազմի նրանց աշխատավարձը,  Այվազյանը պատասխանեց, որ, օրինակ սկսնակ քննիչի ամենացածր գործակցով վարձատրվող քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում կկազմի մոտ 570 հազար դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել