Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|
21:54 - 01 հունիսի, 2023

Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով արդյունքներին: 

«Ընդհանուր առմամբ պետք է քննարկումը համարեմ օգտակար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ Պրահայում պայմանավորվել էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերին ԽՄ փլուզումից հետո: Ալմաթայի հռչակագիրն այն մասին էր, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը՝ գոյություն ունեցող սահմանների շրջանակներում: 

«Պրահայում այդ պայմանավորվածությունը մենք ձեռք բերեցինք, իսկ Բրյուսելում մի քայլ էլ գնացինք առաջ, եկանք այն ըմբռնման, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը, իսկ ՀՀ-ն՝ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքայի ամբողջականություն»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ըմբռնումն այն է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափով, որը պետք է գործի կամ տեղի ունենա միջազգային ներգրավվածությամբ, որ այդ օրակարգը մոռացության չմատնվի:

«Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է: Ինչու եմ ասում շատ նախնական, որովհետև պետք է ստուգենք Ադրբեջանի արձագանքն այսօրվա հանդիպմանը: Կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները: Սա նշանակում և մեկ քայլ՝ վերահաստատելու 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը»,- հավելեց Փաշինյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել