Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|
19:31 - 11 հունիսի, 2023

Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|

armenpress.am: Արդեն նախապատրաստվել է Մինսկի և Երևանի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը, և այն կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ կատարելիք այցի ժամանակ:

Այս մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցի հետ հարցազրույցում, որը նվիրված է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հայտնել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը:

Նա անդրադարձել է բելառուսա-հայկական հինգդարյա փոխհարաբերություններին, հայտնի վարպետ Հովհաննես Մաջարյանցի ներդրմանը ոսկով և մետաքսով գոտի պատրաստելու ֆաբրիկայի ստեղծման գործում (1758թ.), ինչն էլ ծառայել է հայտնի Սլուցկի գոտիների արտադրության զարգացմանը:

Ռազմիկ Խումարյանը նաև նշել է, որ Բելառուսի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմը, երբ բելառուսներն ու հայերը ուս-ուսի մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ. «Շատ հայեր են մասնակցել Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին։ Նրանցից ավելի քան 10 հազարը զոհվել են»։

Ռազմիկ Խումարյանը կարծում է, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը նպաստում է միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը հերթագայությամբ նստաշրջաններ է գումարում Հայաստանում և Բելառուսում:

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Բելառուսի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին Մինսկում:

Բացի այդ, Բելառուսը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ:

Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանին՝ Խումարյանը նշել է. «Մասնավորապես, հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա Բելառուսում Հայաստանի դեսպանության, ԲԵԼՏԱ-ի և «Արմենպրես»-ի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացումը: Այնտեղ կներկայացվեն Հայաստանը բելառուս ֆոտոթղթակցի աչքերով և Բելառուսը՝ հայ ֆոտոթղթակցի աչքերով: Մայիսին ձեր երկիր էր այցելել հայ ֆոտոլրագրողը՝ պատկերելու Բելառուսի գեղեցկությունը, այդ թվում՝ կանճրակի անվերջանալի արևային դաշտերը. այս պատկերը շատ անսովոր է մեզ համար և տպավորիչ է իր գեղեցկությամբ: Հայկական լանդշաֆտին ավելի շատ բնորոշ են լեռները։ Բելառուս ֆոտոլրագրողն, իր հերթին, կպատմի Հայաստանի մասին։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կարող է նպաստել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել