Դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն |lragir.am|
07:59 - 29 նոյեմբերի, 2019

Դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։

Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն հրաժարական տվեց:

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի արդեն նախկին անդամ Էդգար Շաթիրյանը իր հրաժարականի մտադրության և պատճառների մասին նախապես չի հայտնել իրեն առաջադրած «Իմ քայլը» խմբակցությանը, հետևապես իր հրաժարականը մեզ հետ համաձայնեցված չի եղել:

Սա բոլորովին գործընկերային մոտեցում չէ: Բայց դա մի կողմ. ես առավել շատ անընդունելի եմ համարում, որ այդ անձը նման վարքագծով ուղղակի վատնել է խորհրադարանի ու պատգամավորների ժամանակը՝ համաձայնելով առաջադրվել որպես թեկնածու և հետո հրաժարվելով ստանձնած պատասխանատվությունից:

Առնվազն անլուրջ և անպատասխանատու վարքագիծ է, երբ անձը ստանում է խորհրդարանի վստահությունը, բայց հրաժարական է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պատճառաբանությամբ: Բարեբախտաբար, հանձնաժողովի բնականոն աշխատանքը դրանից չի տուժի, քվորում կա: Իսկ «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի:

Փորձե՞լ եք հասկանալ պատճառները:

Պարոն Շաթիրյանը պատճառները հայտնել է հրապարակային հայտարարությամբ: Ավելին իմանալու ցանկություն ես չունեմ: Շրջանառվում են լուրեր, որ նա հավակնություն է ունեցել ընտրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում. եթե այդպես է, ապա, կարծում եմ, պետք է նկատի ունենար, որ այլևս այդ հարցերը կարգավորվում են ընտրությամբ, այլ ոչ թե հովանավորությամբ: Եվ դրա վառ ապացույցն է այն, որ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը:

Առհասարակ ի՞նչ ակնկալիքներ կան այդ կառույցի աշխատանքներից: Այն ղեկավարելու է ընդդիմության առաջադրած և ընտրված թեկնածուն:

Արդեն իսկ շատ դրական արձագանքներ եմ լսել Հայկուհի Հարությունյանի պրոֆեսիոնալ և անձնային հատկանիշների մասին: Նաև ուրախ եմ, որ ընդդիմության թեկնածուն է ղեկավարելու կառույցը. կարծում եմ, դրանով կավելանա հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը, և կառավարող ուժի հետ փոխկապակցվածության վերաբերյալ շահարկումներ չեն լինի:

Տիկին Հարությունյանը չունի ոչ մի կաշկանդող հանգամանք իր կարողությունները հանձնաժողովի նպատակին, այն է՝ կոռուպցիայի բացահայտմանն ու կանխարգելմանը ծառայեցնելու համար: Ավելին՝ ունի լիարժեք աջակցություն և՛ կառավարող ուժի, և ընդդիմության կողմից՝ ամբողջ ծավալով իրականացնելու իր լիազորությունները: Ես ակնկալում եմ, որ հանձնաժողովն ամենայն մանրակրկիտությամբ քննության կենթարկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը և փաստերի առկայության պարագայում կհայտնի բացահայտումների մասին:

Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում նախկին իշխանության ներկայացուցիչների գնահատականները նոր իշխանության հասցեին, մասնավորապես՝ Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ, ըստ էության, նշվում էր, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում որևէ հեղափոխական քայլ ներքին և արտաքին կուրսում չի կատարել:

Հայաստանում տեղի են ունեցել ազատ համապետական, ու շարունակաբար տեղի են ունենում տեղական ընտրություններ, կառավարման բարձր օղակներում արմատախիլ է արված կոռուպցիան, ընթանում են ճանապարհների և այլ ենթակառուցվածքների լայնամասշտաբ հիմնանորոգման ծրագրեր, առաջիկայում արդեն գործնականում կիրականացվեն դատական համակարգի բարեփոխումները (ռազմավարության մշակումից հետո), բարեփոխվում են սոցիալական ծրագրերը, որոնք հասանելի են դառնում հազարավոր կարիք ունեցող մարդկանց, բարձրացվում են աշխատավարձերը ու արդեն իսկ արձանագրված է 7 տոկոս տնտեսական աճ, լրատվամիջոցները բացարձակ ազատության պայմաններում են գործում՝ երբեմն-երբեմն նաև հասնելով սանձարձակության աստիճանի, արտաքին հարաբերություններում Հայաստանի հեղինակությունը ակնհայտորեն ավելացել է ու դրա վկայությունը պաշտոնական փոխայցելությունների ժամանակ արված հայտարարություններն ու պայմանավորվածություններն են:

Իսկ անարյուն իշխանափոխություն 2018թ.-ին հնարավոր եղավ, որովհետև 2008թ.-ին արդեն իսկ եղել էր արյունահեղություն, և նման դեպքերի կրկնության դեպքում Սերժ Սարգսյանն այդպես հանգիստ Զագրեբում ելույթներ չէր ունենա: Այնպես որ, իզուր է ինքն իրեն վերագրում առանց զոհերի հանգուցալուծումը: Ահա այսպիսին կլիներ իմ ելույթը, եթե ես հնարավորություն ունենայի Զագրեբում խոսել Հայաստանում տեղի ունեցող իրողությունների մասին: Վստահ եմ՝ իմ ասածը շատ ավելի արժանահավատ կհնչեր և միջազգային, և հայաստանյան հանրության համար:

Տիկին Նազարյան, մամուլը գրում է, որ հիմա քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների փոխայցելության հարցը: Դուք ինչպե՞ս եք գնահատում: Կա՞ այդպիսի քննարկում, եւ անձամբ Դուք պատրա՞ստ եք մեկնել Բաքու:

Պատգամավորների փոխայցելությունների վերաբերյալ քննարկումներ մեր խմբակցությունում չեն եղել: Մենք հիմա էլ միջազգային հարթակներում առիթ ունենում ենք չակերտավոր շփվել ադրբեջանցի պատգամավորների հետ, իսկ թե ինչո՞ւ եմ ասում չակերտավոր, որովհետև այդ շփումն ավելի շատ փոխադարձ մեղադրանքների հայտարարություններն են: Ո՛չ իմ, ո՛չ մյուսների փոխայցելությունների համար բարենպաստ մթնոլորտ չկա այս պահին, իմ կարծիքով: Գոնե Բաքվից վերադարձած լրագրողների հայտնած տպավորություններից ես այդպես հասկացա: Այդուհանդերձ, բոլորովին չթերագնահատելով միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, կարծում եմ, որ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդները, ի վերջո, պետք է նաև ուղիղ խոսեն իրար հետ:

Խորհրդարանում է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը, որը բավականին բուռն քննարկվեց և քննադատվեց մինչ խորհրդարան հասնելը: Դուք ի՞նչ կարծիք ունեք: Սա չի՞ դիտարկվի գործարք, եթե այն, ի վերջո, օրենքի ուժ ստանա:

Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը ծագում է Սահմանադրությունից, որում տեղ գտած թաքուն սողանցքից էլ օգտվել է Հրար Թովմասյանը և փաստացի դարձել ՍԴ դատարանի ցմահ նախագահ: Իմ կարծիքով, խնդիրը վերջնականապես կլուծվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ինչի մեկնարկը նախանշված է հաջորդ տարի: Իսկ կառավարության ընդունած նախագծով դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն, և դատավորներն ունեն դրանից չօգտվելու իրավունք։ Ոչ մի պարտադրանք չկա:

Ինչո՞ւ եք առանձնացնում ՍԴ-ի դատավորների հարցը: Ինչո՞ւ այս նախագիծը, օրինակ, մյուս դատարանների դատավորների վրա չի կարող տարածվել:

Կարծում եմ՝ ոչ մի երկրի բյուջե չի դիմանա նման բեռին, եթե հանկարծ այսպիսի առաջարկ արվի մյուս դատավորների դատավորներին:

Եվ առհասարակ, որքանո՞վ է արդարացված բյուջեից այքան գումար տրամադրել այս դատավորներին:

Հասկանում եմ դժգոհությունների պատճառը: Այնուամենայնիվ, ըստ կառավարության՝ դա վաղ կենսաթոշակի մեխանիզմ է և կիրառվել է շատ անցումային երկներում՝ խնդիրներին փոխադարձաբար շահավետ լուծում տալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել