Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով․ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը
 |armenpress.am|
14:05 - 16 հունիսի, 2023

Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով․ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնելու դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, որն իր հերթին հայցադիմումը էլեկտրոնային եղանակող ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ խոսքը մինչև 2 միլիոն դրամի վճարում չկատարելու գործերի մասին է, որը կազմում է քաղաքացիական գործերի 90 տոկոսը։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2000-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան 441 հազար քաղաքացիական վեճերով հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են։ Ստացվում է, որ գրեթե 90 տոկոսը մեր դատարանների ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճը ուղղակի դատավորը վերցնում է, պայմանագիրը նայում է և հաստատում է։ Այդ գործերի 95 տոկոսը չեն էլ բողոքարկվում, որովհետև քաղաքացիների մեծ մասը համաձայն են, գիտեն, որ պարտք ունեն։ Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով։

Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով գործն ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն։ Բայց նաև մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս բողոքարկել գործերը»,- ասաց Մինասյանը։

Արդարադատության նախարարը նաև օրինակ բերեց, թե ինչպես է այսուհետ գործելու օրենքը։

«Երբ, օրինակ, բանկը կամ կոմունալ ծառայությունն արդեն տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկում է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է և ընթացք չի տրվում, իսկ եթե վճարում չի լինում, վճարման կարգադրություն է ուղարկվում հարկադիր կատարման ծառայություն․  այդ գործընթացը տևելու է մեկ ամիս։ Հիմնականում դրանք բանկային փոքր վարկերն են և կոմունալ ծառայությունների վճարներն են»,- ասաց Մինասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել