ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը
22:18 - 20 հունիսի, 2023

ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննա կատարած այցի շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ: Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։

Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։

Թերեզա Ռիբեյրոն, իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը խոսքի և մամուլի ազատության իրավունքի իրացման գործում:

Հանդիպման շրջանակում Պաշտպանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող և հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությանը:

«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է Պաշտպանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել