Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան
20:37 - 03 հուլիսի, 2023

Հայաստանը շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար. Ալեն Սիմոնյան

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են:

Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արևմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն:

Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են:

Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին և մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաև դրանց զարգացման միտումները և առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաև քաղաքական և պաշտպանական ոլորտի փորձագետների միջև տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել:

Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաև Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել