Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Լեհաստանի Սեյմի մարշալեկին
16:17 - 04 հուլիսի, 2023

Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Լեհաստանի Սեյմի մարշալեկին

 

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:

ԱԺ-ի փոխանցմամբ՝ ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ պաշտոնական այցի ընթացքում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումներն իրենց ներդրումը կունենան երկկողմ համագործակցության խթանման հարցում: Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր ժողովուրդներին կապում են հարյուրամյակների պատմական առնչությունները՝ հիշեցնելով, որ անցյալ տարի լրացավ Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 655-ամյակը: Նա երախտագիտություն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ Լեհաստանում պետական մակարդակով ցուցաբերվող հոգածության եւ վերաբերմունքի համար:

Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության, այդ թվում՝ բարեկամական խմբերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Շեշտելով միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հնարավորությունները՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ Հայաստանն ակնկալում է Լեհաստանի աջակցությունը Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատմանն ու անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի սահմաններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից: ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաեւ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարեւորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման եւ տեղում վստահության ձեւավորման առումով: «Տեղյակ ենք նաեւ, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում հասցեական արձագանքներ:

Լեհ գործընկերը շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ապահովում է խորհրդարանների միջեւ չընդհատվող կապը, ինչի շնորհիվ երկրների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ են ստացվում: Խոսելով ժողովրդավարական արժեքներից՝ նա կարեւորել է ժողովրդի հանդեպ հաշվետվողականությունը՝ ընդգծելով նաեւ միջազգային գործընկերներին վերաբերող դիրքորոշումները: Այս համատեքստում Լեհաստանի Սեյմի մարշալեկը կարծիք է հայտնել հետագա համագործակցության բազմոլորտ ընդլայնման վերաբերյալ: Անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին՝ Էլժբիետա Վիտեկը նշել է, որ լեհերն անկախ քաղաքական հայացքներից եւ տարաձայնություններից՝ մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի եւ հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրի ժողովրդավարության զարգացման եւ խաղաղության հաստատման հարցում եւս լսելի կլինի Լեհաստանի ձայնը:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամները շրջել են խորհրդարանի շենքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել