Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆինլանդիայից 9 դիվանագետի |hetq.am|
09:25 - 07 հուլիսի, 2023

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆինլանդիայից 9 դիվանագետի |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերյան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան «վճռական բողոք է արտահայտվել»։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես նշում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը, Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում ֆիննական գլխավոր հյուպատոսության 9 աշխատակցի Ռուսաստանը հայտարարել է պերսոնա նոն գրատա։

Մոսկվան նաև որոշել է հոկտեմբերի 1-ից հետ կանչել «Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության մասին» համաձայնությունը։

Մոսկվայում կարծում են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք է ստեղծում ՌԴ անվտանգության համար, ինչպես նաև Հելսինկիին մեղադրում Կիևին սպառազինություն տրամադրելու, «հակառուսական առճակատման քաղաքականության վարման» և ռուսաստանցիներին մուտքի վիզայի տրամադրման հարցերում խոչընդոտների մեջ։

Այս տարվա հունիսին Ֆինլանդիան արտաքսել էր ռուսաստանցի 9 դիվանագետի։ Պաշտոնական Հելսինկին ակտիվորեն սառեցնում է ռուսաստանցի օլիգարխների ակտիվները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ։ Deutsche Welle-ն, հղում անելով Helsingin Sanomat պարբերականին, գրում է, որ ապրիլի վերջին սառեցվել է 1710 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվներ (ընդհանուր մոտ 244 միլիոն եվրո)։

Մայիսի 17-ին Ֆինլանդիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Ռուսաստանը սառեցրել է ֆիննական դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները։ Խոսքը Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում ֆիննական գլխավոր հյուպատոսության մասին էր։ Այդ առիթով Ֆինլանդիան բողոքի նոտա էր ուղարկել Մոսկվային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել