Պետությունը պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար կանի հետվճարային ֆինանսավորում
09:35 - 02 դեկտեմբերի, 2019

Պետությունը պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար կանի հետվճարային ֆինանսավորում

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է 2020 թվականից պետպատվերով մատուցվող որոշ ծառայությունների համար բուժհիմնարկներին տրվող ֆինանսավորումն անել ոչ թե նախօրոք, այլ հետո՝ հետվճարային համակարգով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պետպատվերի միակ թերությունը մինչև հիմա եղել է այն, որ գումարը տրվել է նախօրոք: Եվ մենք 2020-ից որոշ ծրագրերի համար անցնում ենք հետվճարային ֆինանսավորման: Դրանք են ծննդօգնությունը, սրտի անհետաձգելի ստենտավորման ծառայությունները և զինվորականներին մատուցվող ծառայությունները»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց՝ գործող համակարգով քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար բուժհիմնարկին տալիս են օրինակ 1 մլրդ դրամ, որը գերազանցելու հնարավորություն չկա: Իսկ ապահովագրության դեպքում գործում է հետվճարային սկզբունքը: «Ապահովագրության գումարն ի սկզբանե շատ է եղել, իսկ պետպատվերին տրված գումարը՝ քիչ: Հիմա հակառակ իրավիճակն է լինելու, պետպատվերին տրված գումարը բավականին շատ է՝ բյուջետային աճերի շնորհիվ»,-նշեց նա:

Թորոսյանը շեշտեց՝ դեպքերը ֆինանսավորվելու են պոստ ֆակտում: Նա նկատեց՝ եթե այդպես շարունակեն, ստացվելու է, որ պետական ծրագրերը ֆինանսավորում են ապահովագրական մեխանիզմով, և այդ ժամանակ լրիվ անիմաստ կլինի սոցփաթեթը մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով պահելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել