armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկեց քննարկել այնպիսի համակարգի ներդրման հնարավորությունը, որը կդյուրացնի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։
Թորոսյանը նշեց, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ բախվում են տեխնիկական խնդիրների, երբ ցանկանում են մուտք գործել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Նա ընդգծեց, որ ներկայում համակարգից օգտվելու համար պահանջվում է սիմ-քարտ կամ նույնականացման քարտ, ինչը զգալիորեն դժվարացնում է գործընթացը։
«Հնարավո՞ր չէ արդյոք շատ կարճ ժամանակում այնպիսի մի համակարգ ներդնել, որպեսզի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ո՛չ սիմ-քարտ անհրաժեշտ լինի, ո՛չ էլ նույնականացման քարտ, ինչպես օգտվում ենք բազմաթիվ բանկային ծառայություններից՝ առանց որևէ հավելյալ գործիք ունենալու»,- հարցրեց Թորոսյանը ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանին։
Արման Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հարցի բարձրացման համար՝ շեշտելով, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրում, սակայն ունի մեծ կարևորություն։
«Ներկայում Հայաստանում մեկնարկում է անձի նույնականացման ունիվերսալ համակարգի ներդրման գործընթացը։ Սա կլինի միասնական լուծում, որը կօգտագործվի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այնուամենայնիվ, ներկայում պատրաստի լուծումներ, ցավոք, չունենք։ Սակայն ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ աշխատում են այս ուղղությամբ, և ապագայում կփորձենք տրամադրել լուծումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին»,- ասաց Պողոսյանը։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի բարելավումը կարևոր է, քանի որ համակարգի բարդությունը կարող է արդարացի դժգոհություն առաջացնել քաղաքացիների շրջանում։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է առավելագույն ջանք գործադրի՝ տեխնիկական լուծումները դյուրացնելու և քաղաքացիների համար գործընթացը հեշտացնելու համար։
«Մենք՝որպես իշխանություն, ուզում ենք բարեփոխում անել և պետք է հնարավորինս պարզեցնենք գործընթացները։ Եթե բանկերը կարողանում են նույնականացման հարցում ապահովել պարզություն և անվտանգություն, ապա պետությունն էլ պետք է նման մոտեցում ցուցաբերի»,- ասաց Թորոսյանը։
Արման Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ պետք է գտնել հավասարակշռություն պարզության, հեշտության և անվտանգության միջև։
«Պետք է ռեալ գնահատենք, թե արդյոք հնարավո՞ր է որոշակի պարզեցումների գնալ՝ առանց վնասելու անձի նույնականացման անվտանգության գործընթացը։ Հորդորն ընդունված է, և պետք է օպերատիվ լուծումներ տանք»,- հավելեց Պողոսյանը։
comment.count (0)