ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը |1lurer.am|
12:42 - 20 հունվարի, 2025

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, 2004-ին ավարտել Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 2006-ի ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, 2009-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Չինաստանի համալսարաններում:

2004-2018-ին աշխատել է առողջապահության ոլորտում գործող պետական և առևտրային կազմակերպություններում՝ ստանձնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ղեկավարի:

2015-2016-ին ծառայել է ԶՈՒ-ում՝ որպես բժշկական ծառայության սպա: 2018-ի մայիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, 2021-ի հունվարին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2021-ի հունիսին ՔՊ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Արսեն Թորոսյանն իր ելույթի ժամանակ ընդգծեց՝ առողջապահության ոլորտի գերխնդիրը պետք է լինի առողջությունը պահպանելը, ապա կոչ արեց առողջապահությունը և առողջության պահպանումը այս տեսանկյունից դիտարկել:

«Տնտեսագիտորեն ավելի ձեռնտու է պետության, հանրային բարիքի տեսանկյունից, հանրային ծախսերի տեսանկյունից ներդրում անել առողջության պահպանման վրա, քան թե զբաղվել հիվանդապահությամբ, ինչը, իհարկե, անհրաժեշտ է: Ի վերջո, բոլոր հիվանդությունները չէ, որ հնարավոր է կանխարգելել»,- ասաց նա:

Անդրադառնալով անկախությունից ի վեր առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին՝ նշեց, որ շատ հաճախ ականատես են եղել բարեփոխումների շարունակականության կանգին:

«Շատ կարևոր է, որ երբ հայեցակարգը կամ վերջնակետը տեսնում ենք, մենք չկանգնենք այդ ճանապարհին, վստահ եմ, որ թե՛ հանձնաժողովը, թե՛ մեր գործընկերներն ԱԺ-ում այդ առումով հետևողական պետք է լինեն»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել