Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո |armenpress.am|
12:18 - 19 հուլիսի, 2023

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:

- Տիկին դեսպան, ո՞րը կամ որո՞նք եք համարում Հայաստանում այս երկու տարում Ձեր կատարած ամենամեծ աշխատանքը, ձեռքբերումը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, զարգացման տեսանկյունից:

- Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։ Մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով վերջին երկու տարիների ընթացքում զգալի կարևոր առաջընթաց է գրանցվել՝ շնորհիվ երկու կառավարությունների հանձնառության։ Հատկապես ուրախ եմ դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծման կապակցությամբ, որը միտված է մեր պաշտպանական համագործակցության խորացմանը։ Տնտեսական ոլորտում 2021 թ. դեկտեմբերին նախարարներ Միրզոյանի և Լըմուանի ստորագրած ճանապարհային քարտեզը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմին լրացուցիչ պարտավորություն ստանձնել՝ հատկապես Հայաստանում արտահանման և ներդրումների աջակցման միջոցով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հատկացրել է 100 միլիոն եվրոյի չափով պետական ​​քաղաքականության խոշոր վարկ և ներկայացուցչություն բացել Երևանում՝ դեսպանության հարկի տակ, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել և ակտիվացնել իր գործունեությունը ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Եվրամիության հետ նաև աջակցել ենք օրենքի գերակայության ամրապնդմանը՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության միջոցով։

Մշակութային և կրթական ոլորտներում ևս մեր համագործակցությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պաշտոնապես 2022 թ. ստեղծված Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն արդեն պատրաստում է մշակութային խոշոր ծրագիր և ուսումնական տարվա սկզբին ֆրանսերենի դասընթացների համար իր դռները կբացի բոլոր լսարանների առջև։ «Ֆրանսիա-Հայաստան Ժառանգություն» հավակնոտ ծրագիրը, որը դեսպանությունն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է ընձեռել վերապատրաստել ժառանգության հայ մասնագետների և մեկնարկել թանգարանագիտության և վերականգնման ծրագրեր Էրեբունի թանգարանի և Տաթևի Մեծ Անապատի հետ։ Ի վերջո, ուսումնական տարվա սկզբին Հայաստանի կրթության նախարարության հետ ինտենսիվ շփումների արդյունքում մեկնարկելու ենք հավակնոտ նախագիծ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ամրապնդմանը:

Ողջունում եմ նոր մարզերի ներգրավվումն ապակենտրոնացված համագործակցության մեջ, մասնավորապես Օվերն Ռոն Ալպը Սյունիքի և Օ դը Ֆրանսը Վայոց ձորի հետ՝ ի լրումն արդեն իսկ ակտիվ 30 գործընկերության, որոնք հնարավորություն են տվել զարգացնել արդյունավետ գործակցություններ՝ մասնագիտական կրթության ​​ոլորտում՝ օրինակ CEPFA-ի /Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի/ հետ: Ի վերջո, նշեմ դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

․․․

- Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

- Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։

Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները:

Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

- Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայննկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

- Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։

Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել