Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով
 |civilnet.am|
13:26 - 16 մայիսի, 2024

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով |civilnet.am|

civilnet.am: Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, հայտնում է Report.az-ը։

Վարդանյանը ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։

Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Նախօրեին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր նաև Արցախի մյուս պաշտոնյաների կալանքի ժամկետները։

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել