Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|
12:35 - 16 մայիսի, 2024

Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե որտեղ է ընտանիքը նախատեսում բնակարան կամ տուն ձեռքբերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։

Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել 55 մլն դրամը։

«Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու են գործընկեր բանկերը, ծրագրի գումարն ու տոկոսագումարները վճարելու է Հայաստանի կառավարությունը»,- նշեց նախարարը։

Մկրտչյանը նաև մանրամասնեց, թե ովքեր չեն լինի ծրագրի շահառու․ ԼՂ-ից տեղահանված այն անձիք, որոնք արդեն օգտվում են մինչ այս կառավարության կողմից ներդրված բնակարանային ապահովման ծրագրերից։ Բացի այդ, շահառու չեն լինի այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ գնման իրավունք։

Նախարարը մանրամասնեց, թե որ դեպքում է ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում։ Մասնավորապես, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Բացառություն է միայն, երբ ընտանիքի անդամը Հայաստանի սահմաններից դուրս է եկել ուսանելու նպատակով՝ ըստ ծրագրում նախանշված չափորոշիչների։ Բացի այդ, ծրագիրը կարող է դադարեցվել, եթե հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձանց անվամբ՝ անկախ բաժնեմասի չափից։

Երրորդ դեպքն էլ այն է, երբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում ժամկետանց պարտավորությունները գերազանցում են 90 օրը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքային խումբը շատ մեծ ծավալով աշխատանք է կատարել, սակայն հարկավոր է սկսել բացատրել մարդկանց ծրագրի մանրամասները։

«Մենք նաև հրաժարվել ենք համահարթեցման ծրագրից։ Նախ գումարը տրվում է ոչ թե ընտանիքին, այլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Մարդն ինքն էլ պետք է որոշի, թե քանի միլիոն դրամի բանաձևից է ցանկանում օգտվել»,- նշեց վարչապետը՝ շեշտելով, որ քաղաքացիություն ստանալով որևէ իրավունք չեն կորցնում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատարյանն էլ մնարամասնեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ 25 հազար ընտանիքներ։

Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ հինգ տարիների ընթացքում՝ 2024-2029-ին․

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝

1) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում.

3) զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները.

4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ և ի լրումն Ծրագրով նախատեսված հավաստագրի՝ դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով.

5) 2023-ի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գործող և սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պայմաններին՝ Ծրագրին դիմելու օրվա դրությամբ բավարարող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։

Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

1) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում։

Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

1) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) սույն հավելվածի 18-րդ, 19-րդ կետերում և սույն կետի 1-ին ենթակետում չնշված մնացած ընտանիքները։

1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ և

2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ և

3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել