Դեսպան Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
14:27 - 31 հուլիսի, 2023

Դեսպան Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 31-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։

Հանդիպմանը դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե 8 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը։ Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը տեղեկացվել է ս․թ․ հունիսի 15-ից բոլոր տեսակի իրականացվող հումանիտար մատակարարումների դադարեցման, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ հատկացված հումանիտար բեռների առաքման արգելափակման մասին։ Ընդգծվել է, որ պաշտոնական Բաքվի ապօրինի գործողությունները հստակ միտված են պաշարված բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների ստեղծմանը, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։

Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը իրազեկվել է նաև Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից ս․թ․ հուլիսի 29-ին անհետաձգելի բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին։

Հանդիպմանն ընդգծվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ ապահովել ստանձնած պարտավորություններն ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերաբերյալ:

Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-ղազախստանյան օրակարգին առնչվող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել