Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
17:06 - 02 մայիսի, 2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի  նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը`  ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում սերտ համագործակցությունը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թորգոմյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կիպրոսի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնելու երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ 

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել