azatutyun.am: Տարիներ առաջ «Կիպրոսի օֆշոր» անունը ստացած քրեական գործով իրավապահները ցանկանում են որպես վկա հարցաքննել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին հուլիսին այդպես էլ հանրապետությունում չեն գտել։
Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արտյոմ Օվսյանն ասում է՝ այժմ միջոցներ են ձեռնարկում Սարգսյանի բնակության վայրը հայտնաբերելու ուղղությամբ։
«Նախաքննական մարմինը միջոցներ ձեռնարկել է, որպեսզի հարցաքննության հրավիրի, այնուամենայնիվ, չի ներկայացել, և ՍԵԿՏ հարցում է կատարվել ու պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայում է», - նշեց Օվսյանը:
2008-ից 2014 թվականը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի անունը բազմիցս հնչեցրել է սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ նրան ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրելով իրեն ունեզրկելու համար։
Իրավապահները պնդում են, որ Կճոյանը 2010 թվականին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլարի ներդրում կատարելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու պատրվակով համոզել է գործարար Փայլակ Հայրապետյանին ներդրում անել։
Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր մոտ 100 միլիոն դոլարի անշարժ գույքը, մոտ 11 միլիոնը տվել է Աշոտ Սուքիասյանին, որն էլ հետագայում գումարը լվացել է օֆշորային գոտում։ Հայրապետյանը պնդում է, որ օֆշորային ընկերությունները բացել են Նավասարդ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը։ Նրանք, սակայն, հերքել են այս պնդումը։
Դեռ 2016-ին դատարանում, երբ ընթանում էր այս գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի դատավարությունը, գործարարը պահանջել էր հարցաքննել արքեպիսկոպոսին ու նախկին վարչապետին, բայց դատարանը անտեսել էր նրա խնդրանքը։
Այժմ, երբ այս գործը վերաբացվել է, իրավապահները ցանկանում են լսել Սարգսյանի ցուցմունքները Հայրապետյանին ունեզրկելու գործի շրջանակում, պարզ չէ՝ արդյո՞ք հարցաքննությունից հետո նրան մեղադրանք կառաջադրեն, թե՝ ոչ։
Շադունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)