news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին:
Բացի այդ, օրինագծով առաջարկվում է նաեւ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ում կառավարող ուժը՝ հանձինս Ազգային ժողովի նախագահի եւ երկու տեղակալների, Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:
Իսկ երկու լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման եւ արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից:
Կառավարությաունը նաեւ նշում է, որ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը:
Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:
Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձ-րացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք:
comment.count (0)