Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
12:12 - 27 նոյեմբերի, 2019

Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ:

«Հողային բարեփոխումները առաջնային խնդիրներ են: Առանց հողերի կոնսոլիդացիայի, առանց արդյունավետ մշակման ու հարմար պայմաններ ստեղծելու՝ դժվար թե կարողանանք հասնել ցանկալի նպատակի: Այժմ վարելահողերի մոտավորապես մեկ երրորդ մասը չի մշակվում կամ արդյունավետ չի մշակվում։ Պետք է ձգտենք երկարաժամկետ արդյունքների, արդյունավետ բիզնեսի: Մեր առաջարկները պիտի իրականացնենք պիլոտային ծրագրերի միջոցով և, կարծում ենք, հաջորդ տարվա վերջում կունանանք արդյունքներ, որոնք էլ մեզ կհուշեն. արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե՝ ոչ», - իր խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ-ին, շեշտելով, որ խնդիրը բարձրաձայնելու հենց առաջին իսկ օրվանից կազմակերպությունն աջակցությունն է ցուցաբերել:

«Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ծրագիրը հիմնական շահառուներին, որոնք իրենց դերակատարումն են ունենալու հողերի կառավարման նոր իրավական շրջանակի ներդրման հարցում։ Հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հողերի չօգտագործման պատճառների բազմաբնույթ լինելը պահանջում է համակարգված աշխատանք հողային և այլ հարակից քաղաքականությունների միջև, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ընդհանուր տնտեսությունը», - նշել է ՊԳԿ-ի հողերի կառավարման գծով պատասխանատու Մորթեն Հարթվիգսենը։

Նախկինում կատարված վերլուծության հիման վրա ՊԳԿ-ն առաջարկել է ոլորտի քաղաքականության, իրավական և ինստիտուցիոնալ մակարդակի գործողությունների հայեցակարգային շրջանակ: Նաև կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն, որը պատասխանատու կլինի հողային քաղաքականության ձևավորման և իրականացման, ինչպես նաև հողերի շուկայի կանոնակարգման համար:

Մեկ տարի տևողությամբ ծրագիրը մասնավորապես կաջակցի Հողի գործակալության իրավասությունը կարգավարող իրավական շրջանակի և հողերի կառավարման գործիքակազմի ձևավորմանը: Սա ավելի մեծ ուշադրություն և աջակցություն կհրավիրի հողերի սեփականատերերի և վարձակալների (երաշխիքային վարձակալություն) միջև «միջնորդավորված վարձակալության» հարցին։ Փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում: Հաջողության դեպքում նմանատիպ մոտեցում կկիրառվի ամբողջ երկրում։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել