Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել |azatutyun.am|
13:05 - 04 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանցիները կրկին կրակել են Կապանի օդակայանի վրա. սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանցիները կրկին հրազենից կրակել են Կապանի օդակայանի վրա՝ վնասելով օդակայանի շինությունների պատերը։

«Ազատության» տեղեկություններով՝ վնասվել են նաև օդակայաննի պատուհանները։ Անձնակազմից ոչ ոք չի տուժել։

Դեպքը, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, գիշերը ժամը 3-ին։ Կրակոցները արձակվել են հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներից։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։

«Ատլանտիս» ընկերությունից «Ազատությանը» հայտնեցին, որ այսօր Կայացել է Երևան-Կապան-Երևան թռիչքը։ Մառախուղ չի եղել: Նախորդ երկու թռիչքները մառախուղի պատճառով չէին կայացել։

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակեց շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև հաջորդ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։

Այս դեպքերով ևս քրեական գործ է հարուցվել՝ երկու հոդվածներով՝ սպանության փորձ, որը կատարվել է անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, և ազգային, էթնիկ հայացքներով կամ թշնամանքի շարժառիթով գույքի ոչնչացում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել