Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին․
«Վսեմաշուք Տիար Սամվել Շահրամանյան, Նորընտիր Նախագահ Արցախի Հանրապետության․
Սիրելի՛ Պրն. Նախագահ,
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ և ջերմ սիրով ողջունում ենք Ձեր ընտրությունը, որպես Արցախի Հանրապետության նախագահ։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում, որ Արցախի պատմության ճգնաժամային հանգրվանում Ձեր ստանձնած պատասխանատվությունը վերանորոգ հավատքով ու նվիրումով կարողանաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքի։
Արդարև, Արցախի հայության կյանքի մշուշապատ այս օրերին, Արցախի ապաշրջափակումը և նրա իրավունքների իրացման հետապնդումը հարկ է, որ դառնա յուրաքանչյուր հայի և համայն հայության առաջնահերթ նպատակը։ Մենք անձնապես, Մեր բոլոր կարողությունները գործի ենք դրել ու պիտի շարունակենք դնել՝ միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետապնդելու համար։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը իր թեմերով միշտ եղել է Արցախի պետության, նրա քաջարի բանակի ու հերոսական ժողովրդի կողքին։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը։
Եվս մեկ անգամ, անձնապես և հանուն մեր Սուրբ Աթոռի միաբանության, ժողովականության, թեմերին և մեր ժողովրդին ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը։ Թող Ամենաբարի Աստված Իր հովանին անպակաս անի Արցախի Հանրապետության վրա և Արցախի հայությանը շնորհի խաղաղ ու բարօր տարիներ»։
comment.count (0)