Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ ու կոչ է հղել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ, որում նա համազգային զորաշարժի կոչ է արել` նշելով, որ «հայությունը պետք է ոտքի ելնի»։
Այն ներկայացնում ենք ստորեւ․
«Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման:
Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: Ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին: Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղի շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ ու հարձակողապաշտ:
Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից ու բարեկամ Ադրբեջանին:
Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները ու հրեա կրոնավորները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմիվ:
Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով:
Մինչ այժմ, ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար: Ոչ մի շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի հարյուր քսան հազար (120,000) անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհին առաջ։
Փաստորեն անպաշտպան ենք ու առանձին:
Չի՛ կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է և մեր ազգի առաջնահերթությունը։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը կարող է Հայաստանը գտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, հազա՛ր անգամ զգույշ...:
Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվող զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված ու ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից:
Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ ենք անում մենք։
Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ իրեն: Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով ամուր պահել:
Այժմ, չենք կարող այլևս հանդիսատես մնալ ներկայիս ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության առաջ՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է. դանակը արդեն հասել է ոսկորին։
Հետևաբար, այս պահին Անթիլիասի Մայրավանքից կոչ ենք ուզում․
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ
Այո՛, համազգային զորաշարժ. այլ ընտրանք չկա:
Սիրելի՛ զավակներ հայ ազգի, այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր զորության կռվանը:
Հետևաբար,
Առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ մեր ազգի հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից:
Սիրելի՛ ժողովուրդ հայոց,
Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք մեր առաջ։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»:
comment.count (0)