Արամ Ա

Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա

Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա

Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է, ինչպես նաև ցեղասպանության պատճառները: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին, թե․  «Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Ինչպե՞ս ենք մենք ցեղասպանությունը ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ «Պատմագետները, ցեղասպանագետները և Օսմանյան կայսրության մասնագետները իրենց հստակ փաստերով հաստատել են Հայոց Ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու իրողությունը։ Չմոռանանք Հայաստանի անկախության հռչակագրի և Հայոց Ցեղասպանության 100-ամյակին համազգային հայտարարության մեջ կատարված հստակ արտահայտությունը Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց Ցեղասպանության մասին»,-ասել է Արամ Ա-ն։ Անդրադառնալով Փաշինյանի կողմից կատարված հարցադրումներին՝ կաթողիկոսը նշել է․«Նման մոտեցումներով թշնամու ջրաղացին ջուր է լցնում։ Հայոց Ցեղասպանության քննությունը պատմաբաններին հանձնելու առաջարկը Թուրքիայի գաղափարն է: Հայոց Ցեղասպանության՝ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարելու փաստը վիճելի և քննարկման նյութ չէ, դա հաստատել են այլ պետություններն ու խորհրդարանները ևս։ Պետք է զգույշ լինել։ Ապրում ենք վտանգներով լի ժամանակշրջանում, այս աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար նպաստավոր չեն։ Ավելի քան երբևէ, այսօր առկա է ազգային ուժերի համախմբման և Հայաստանի և Սփյուռքի՝ մեկ օրակարգի շուրջ համախմբման հրամայական»:
22:56 - 30 հունվարի, 2025
Թող 2025 տարին դառնայ վերանորոգման տարի․ Արամ Ա. Կաթողիկոսին նոր տարուան պատգամը |vaticannews.va|

Թող 2025 տարին դառնայ վերանորոգման տարի․ Արամ Ա. Կաթողիկոսին նոր տարուան պատգամը |vaticannews.va|

vaticannews.va: Ժամանակի արագընթաց թաւալումին եւ մարդկային կեանքի հեւքին մէջ հին տարիէն նոր տարի անցման այս հանգրուանը ընդհանրապէս բնորոշուած է իբրեւ եզակի առիթ ինքնաքննութեան ու հաշուետուութեան: Սա բնական եւ հրամայական անհրաժեշտութիւն մըն է իւրաքանչիւր անհատի, կառոյցի, հաւաքականութեան կամ պետութեան համար: Անցնող տարուան մեր կեանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով: Իրագործումներու կողքին նաեւ ունեցանք ձախողութիւններ, յաջողութեան առընթեր նաեւ՝ թերացումներ: Արդարեւ, հաշուետուութեամբ ամրագրուած եւ իրապաշտ ոգիով կատարուած ինքնաքննութիւնը երաշխիքն է յաջողութեան ու յառաջդիմութեան: Մեր ազգին համար 2025 տարին պէտք է դառնայ նաեւ հոգեւոր ու ազգային վերանորոգման տարի: Կեանքը իր բոլոր տարածքներով ու բնագաւառներով կը նմանի հոսող ջուրի, եթէ հոսքը դադրի կը ճահճանայ ու կը դառնայ վնասաբեր: Այնպէս ալ մեր կեանքը: Վերանորոգումը պէտք է դառնայ մեր անհատական թէ հաւաքական կեանքի ընթացքը՝ նպատակասլաց տեսլականէ մղուած: Կ՚ապրինք մեր ժամանակակից պատմութեան վտանգալից ժամանակները: Շրջապատուած ենք ահաւոր տագնապներով: Ոչ-բարեկամ երկիրներուն հետ Հայաստանի յարաբերութիւնը եւ անոր առնչուած համաձայնութիւնները՝ կատարուած թէ կատարուելիք, ինչպէս նաեւ անոնց միակողմանի պահանջները կրնան վտանգել Հայաստանի ամբողջականութիւնը, անկախութիւնը ու անվտանգութիւնը: Միջին Արեւելքէն ներս աշխարհաքաղաքական պայմաններու արագ եւ արմատական փոփոխութիւնը կրնայ իր բացասական հետեւանքները ունենալ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ շրջանի մեր համայնքներուն համար: Հեռու է մեր կեանքը ներքին միասնականութիւնը ամրացնող ազդակներէ: Ներկայ կացութեան շարունակումը մեր ժողովուրդը կրնայ առաջնորդել նորանոր բեւեռացումներու: Արդ, այս անորոշ պայմաններուն դիմաց չենք կրնար անտարբեր մնալ: Մեր կեանքի վերանորոգումը աւելի քան հրամայական է: Վերանորոգում կը նշանակէ մեր կեանքը դուրս բերել մաշեցնող, տկարացնող, բեւեռացնող, այլասերող ու դէպի նահանջ առաջնորդող ներկայ գոյավիճակէն եւ նոր որակ ու տեսլական տալ անոր: Վերանորոգում կը նշանակէ ոյժերու համախմբում՝ համազգային օրակարգի մը շուրջ: Վերանորոգում կը նշանակէ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ճիշդ հունաւորում ու վերաշեշտում: Վերանորոգում կը նշանակէ Սփիւռքի վերակազմակերպում ու վերակենսաւորում. ու տակաւին՝ մարդուժի համախմբում, մեր կեանքին երիտասարդութեան մասնակցութիւն եւ նիւթական կարելիութիւններու ճիշդ տնտեսում: Անհրաժեշտ կարիքը ունինք այս բոլորին ուղղութիւն ու կշիռք տուող բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներու վերակենսագործման, ինչպէս նաեւ զանոնք կեանքի վերածող հաւաքական կամքի, հաւատքի ու յոյսի: Դէպի վերանորոգում: Ահա 2025 տարուան մարտահրաւէրը մեր դիմաց: Բացուող Նոր Տարին պիտի դառնայ սոսկ տարուան թիւի փոփոխութիւն, եթէ զայն չողջունենք մեր կեանքը վերանորոգելու յանձնառութեամբ: Եկէ՛ք փառք տանք Աստուծոյ, որ տարի մը եւս ապրելու պարգեւը շնորհեց մեզի: Եկէ՛ք աղօթենք հիւանդներուն առողջութեան, բանտարկեալներուն ազատութեան եւ կարիքաւորներուն կեանքի բարելաւման համար: Թող Աստուած Իր երկնային բարիքներով հարստացնէ մեր ընտանիքներուն ու զաւակներուն կեանքը: Շնորհաւոր Նոր Տարի: ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
15:41 - 31 դեկտեմբերի, 2024
Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Հալեպում զինված բախումները հեռու են հայկական թաղամասերից․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից, որում նաև նշված է՝ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։ «Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է  հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրությանը։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել  են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ։Նշենք նաև, որ առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալեպում և թէ՛ Քեսաբում, մեր ժողովրդի զավակներին կարգադրել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ», - ասված է հաղորդագրությունում։
12:35 - 01 դեկտեմբերի, 2024
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ. ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը: բ) Սուրբ Հարության տոնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նույն թվականին նշելու հարցը: գ) Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտությունը՝ գործուն ներկայությամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների: դ) Լիբանանում քրիստոնյա-իսլամ համակեցության ամրապնդումը և նոր նախագահի ընտրությունը: ե) Ադրբեջանում գտնվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը: զ) Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ։
21:50 - 12 հունիսի, 2024
Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Վեհափառ հայրապետները վերաշեշտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամուր պահելու հրամայականը

Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ: Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը: Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն:Նորին Սրբութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանուէր կեցուածքներուն եւ կատարած աշխատանքներուն համար:
20:58 - 30 ապրիլի, 2024
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
 |news.am|

Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա |news.am|

news.am: Ապրիլի 24-ը սոսկ նահատակներին ոգեկոչելու օր չէ, ապրիլի 24-ը մեր ազգային պհանջատիրությունը ամրապնդելու օր է, կոչ է, պատգամ է մեր բյուրավոր նահատակներից մեզ եկող: Այս մասին հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Մ«եծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսը: Նա,. մասնավորապես, նշել է. «Պահանջատեր է մեր ժողովուրդը բառի ամբողջական հասկացողությամբ եւ պետք է մնա պհանջատեր այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան 1915-ին մեր ժողովրդի դեմ գործադրած ցեղասպանությունը չի ընդունել: Մեր ժողովուրդը պահանջատեր կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը մնում է բռնագրավված ցեղասպան Ադրբեջանի կողմից: Պահանջատեր պետք է մնա մեր ժողովուրդը այնքան ժամանակ, որ ցեղասպանական վախի հետեւանքով Արցախի ժողովուրդը վերացել է իր պապենական հողերից: Հայոց ցեղասպանությունն իրավական հիմք ունի եւ համապատասխանում է միջազգային օրենքներին: Հետեւաբար, անկարելի է անտեսել մեր պահանջատիրությունը, դրա վվերականությունն ու այժմեականությունը: Անցնող տասնամյակներում երկրներ, կառավարություններ, նախագահներ, եկեղեցիներ, կրոններ, միջազգային կազմակերպություններ հաջորդաբար ճնաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Այս ընթացքը պետք է շարունակվի: Այսօր, երբ Ադրբեջանը շարունակում է զանազան ձեւերով ջնջել հայության հետքը Արցախում, փորձում է քանդել կամ այլափոխել մեր մշակութային կոթողները, երբ Ադրբեջանը փորձում է հաջորդաբար եւ հետեւողական կերպով պահանջներ դնել ՀՀ-ի առջեւ, պահանջներ, որոնք կտանվում են Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը եւ գերիշխանությունը, այսօր երբ Թուրքիան իր կրգին նոր պայմաններ է դնում մեր ժողովրդի իդելաները, արժեքները, խորհրդանիշները ջնջելու, եւ նույնիսկ Հայ Դատի հետապնդումը կասեցնելու, այս կացության դիմաց մեր ժողովրդի երգի բառերով ասենք՝ «Հիմի էլ լռե՞նք, երբ թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին»: Պետք չէ լռել: Եթե լռենք, մեր նահատակները մեզ պետք է դատապարտեն: Եթե լռենք, Արցախի Կիլիկիո, Արեւմտյան Հայաստանի վանքերն ու եկեղեցիները պետք է աղաղակեն»: Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկ արված հայտարարությանը. «Թուրքիայի նախագահն ասել է. «Մոռացեք անհիմն հիշողությունները եւ երեւակայական պատմությունները»: Սա է Թուրքիայի նախագհահի պատգամը մեր ժողովրդին: Մեր նահատակների դիմաց կանգնած այստեղ ես Թուրքիայի նախգահին ասում եմ. «Պարոն Էրդողան, որտեղի՞ց եկան այս աճյունները մեր նահատակների Օսմանյան Կայսրության սահմաններից ներս: Քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը: Պարոն Էրդողան, այսօր պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմաբանների կողմից, որ այն, ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ, քո պապերի կողմից, ցեղասպանություն էր՝ ծրագրված եւ գործադրված պետական մասշտաբով: Պարոն Էրդողան, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին: Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք  մեկ ազգ ենք մեկ պահանջատիրությամբ: Հետեւաբար մենք չպետք է լռենք: Արթուն եղիր ժողովուրդ հայոց: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նոր համաթուրանական շարժումը սկսել է կազմավորվել Կովկասի մեջ, եւ փորձ կկատարվի խեղդել Հայաստանը այս շարժման օղակում: Հայաստանի ցեղասպան դրացիներն այնպիսի պայմաններ կդնեն Հայաստանի դիմաց, պայմաններ, որոնք եթե ոչ այսօր, վաղը պետք է վտանգեն Հայաստանի գերիշխանությունը, նույնիսկ Հայաստանի գոյությունը: Մենք մերժում ենք ուրիշներին ենթակա դառնալ՝ միակողմանի զիջումներ կատարելով եւ դրանց դիմաց ոչինչ չստանալով: Մենք մերժում ենք պարտադրված կացություններ ընդունելու վտանգավոր մոտեցումը ու շեշտում ենք աշխարհաքաղաքական նոր իրականությունների դիմաց նոր ռազմավարություն եւ մարտավարություն ճշտելու հրամայականը: Մենք մերժում ենք համակերպվել այնպիսի կացությունների, երբ դատելին կդառնա դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը՝ իրավատեր: Մենք արարություն ենք պահանջում: Աշխարհաքաղաքական շահերի ու ուժի քաղաքականության դիմաց մենք միջազգային օրենքի գերակայությունն ենք պահանջում: Մենք պահանջում ենք Արցախի ժողովրդի վերադարձն իր հայրենի հողը, եւ իր իրավունքների վերահաստատումը միջազգային երաշխվորությամբ: Մենք պահանջում ենք Ադրբեջանի կողմից անարդարորեն ձերբակալված բոլոր գերիների ազատ արձակումը: Մենք պահանջում ենք Օսմանյան Կայսրության կողմից մեր ժողովրդի դեմ գործադրած Ցեղասպանության ճանաչումը եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցումը»: Արամ Ա-ն համախմբման եւ միասնականության կոչ արեց հայ ժողովրդին. «Համախմբվենք մեր ազգի գերագույն արժեքների եւ իդեալների շուրջ, համախմբվենք Հայաստանի փրկության շուրջ, համախմբվենք համահայկական օրակարգի շուրջ: Մեզ միացնողը Հայաստանն է, Հայաստանի փրկությունն է: Մենք բարեկամներ չունենք, մեր բարեկամը մենք ենք, մեր միասնականությունն է, հզորությունն է: Եկեք այս գիտակցությամբ ու ամբողջական հանձնառությամբ շրունակենք մեր պահանջատիրական պայքարը: Հազար փառք մեր ժողովրդին»:
21:43 - 24 ապրիլի, 2024
Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հավւաքաբար հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա

Իրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հավւաքաբար հաղթահարելու Հարության հավատքով. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Զատկի առթիվ պատգամ է հղել, հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից: «Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱ՛Ւ Ի ՄԵՌԵԼՈՑ Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Ամուր հաւատքով շաղախուած ու հոգեւոր ցնծութեամբ լեցուն ա՛յս վկայութեամբ քրիստոնեաներ զիրար կʼողջունեն ու աշխարհին կʼաւետեն հրաշափառ յարութիւնը Աստուծոյ Որդւոյն: Սա սովորական արտայայտութիւն մը չէ, այլ քրիստոնէական կրօնին էութիւնը կազմող հաւատքի վկայութիւն մը՝ պատմական անհերքելի իրողութեան վրայ հաստատուած: Արդարեւ, հաւատքի այս վկայութեամբ առաքեալներ Երուսաղէմէն դուրս հին աշխարհի զանազան շրջաններուն մէջ, նաեւ՝ Հայաստանի, խաչեալ, թաղեալ ու յարուցեալ Քրիստոսը քարոզեցին եւ եկեղեցիներ հիմնեցին: Հաւատքի ա՛յս վկայութեամբ հզօրացած, եկեղեցին քաջութեամբ դիմագրաւեց պատմութեան բոլոր արհաւիրքները: Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը հինգ յիշեցումներ կը կատարէ: Յիշեցումներ, որոնք պէտք է արմատանան մեր կեանքին մէջ.-Առաջին, Քրիստոսի յարութիւնը առա՛նցքն է մեր հաւատքին: Քրիստոսի յարութեան դէպքը թէական նկատող նորադարձ քրիստոնեաներուն, Պօղոս Առաքեալ կʼըսէ՝ "Եթէ Քրիստոս յարութիւն առած չէ՝ զո՛ւր է մեր քարոզութիւնը, զո՛ւր է նաեւ ձեր հաւատքը" (Ա.Կր 15.14): Քրիստոսի յարութիւնը աղբիւրն է քրիստոնեայ մարդուն հաւատքին, անոր վաւերականութեան ու զօրութեան: Քրիստոսի յարութեան վրայ հիմնուած է եկեղեցին, որպէս Քրիստոսի խորհրդական մարմինը: Քրիստոսի յարութեան հաւատքով կը կենսագործուի եկեղեցւոյ առաքելութիւնը: Երկրորդ, Քրիստոսի յարութիւնը յաղթանա՛կն է կեանքին: Եկեղեցին շարականներուն ու աղօթքներուն ճամբով Քրիստոսի յարութիւնը կը բնորոշէ, որպէս յաղթանակ՝ մահուան դէմ: Մահը, այլ խօսքով՝ չարը, մեղքը ու սատանան, ըլլալով մարդու փրկութեան դիմաց կանգնող արգելք, Քրիստոս իր մահով յաղթեց մահուան, "մահուամբ զմահ կոխեաց" եւ իր խաչով յարութիւն կերտեց: Առաքեալը կը հաստատէ, թէ Քրիստոս իր յարութեամբ "մեզի յաղթանակ պարգեւեց" (Ա.Կր 15.57): Այդ յաղթանակը յաւիտենական կեանքի յաղթանակն է մահուան դէմ: Երրորդ, Քրիստոսի յարութիւնը երաշխի՛ք է մարդու յարութեան: Առաջին Ադամով մահը մուտք գործեց աշխարհ, իսկ երկրորդ Ադամով, Քրիստոսով՝ յարութեան յոյսով շաղախուած կեանքը: Այլ խօսքով, "ինչպէս մարդով մը սկիզբ առաւ մահը, նոյնպէս մարդով մը սկիզբ կʼառնէ մեռելներու յարութիւնը" (Ա.Կր 15.21): Քրիստոս իր յարութեամբ մարդը մահուան տիրապետութենէն ազատագրեց եւ յարուցեալ կեանքի յոյսը տուաւ. "Քանի մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ նաեւ անոր հետ պիտի ապրինք" (Հռ 6., նորոգեալ կեանքով, որպէս մահէն կեանքի եկած ու Քրիստոսի միացած մարդեր: Հետեւաբար, Քրիստոսի միանալով, ինչպէս իր հետ թաղուեցանք, նոյնպէս իր հետ յարութիւն կʼառնենք հոգեւորապէս, իսկ Քրիստոսի երկրորդ գալուստին, մեռելներէն՝ մարմնապէս: Արդարեւ, յարուցեալ Քրիստոս համայն մարդկութեան կը ներկայանայ "որպէս առաջին օրինակ մեռելներու յարութեան" (Ա.Կր 15.20): Չորրորդ, Քրիստոսի յարութիւնը յիշեցո՛ւմ է ուղղուած մեր ժողովուրդին: Յիշեցում՝ որ Քրիստոսի յարութեան առաջին հաւատացող ժողովուրդը եղանք: Յարութեան հաւատքը մեր կեանքին հետ շաղախեցինք: Անո՛վ հզօրացած դիմագրաւեցինք պատմութեան հալածանքները ու ցեղասպանութիւնները: Անո՛վ պայծառակերպուած ստեղծեցինք ու վերստեղծեցինք, շինեցինք ու վերաշինեցինք՝ հակառակ մեզ շրջապատող դժոխային պայմաններուն: Անո՛վ գօտեպնդուած վերականգնեցանք ու վերակազմակերպուեցանք եւ վերակերտեցինք մեր հայրենիքը: Քրիստոսի յարութիւնը եղաւ մեր տառապալից կեանքը յարութեան շունչով ու ոգիով, հաւատքով ու տեսլականով հզօրացնող երկնային ուժ: Հինգերորդ, Քրիստոսի յարութիւնը նաեւ պատգա՛մ է ուղղուած մեր ժողովուրդին: Պատգամ՝ հաւատարիմ մնալու Քրիստոսի յարութեան խորհուրդին եւ զայն իրենց հաւատքի կեանքով ու առաքելութեամբ թարգմանած մեր հայրերու սրբազան կտակին: Նաեւ հեռո՛ւ մնալու քրիստոնէական արժէքները նսեմացնող կենցաղակերպերէ ու գործելակերպերէ: Հեռո՛ւ վանելու մեզ շրջապատող չարերն ու չարիքները: Պատգամ՝ մերժելու խաւարը ու բացուելու լոյսին, մերժելու վհատութիւնը ու փարելու յոյսին, մերժելու մահը ու կառչելու կեանքին: Արդ, սիրելի՛ հայորդիներ, զիրար ողջունենք մեզ շրջապատող տագնապները հաւաքաբար յաղթահարելու յարութեան հաւատքով: Զիրար ողջունենք Քրիստոսի յարութեան յաղթանակին մասնակից դառնալու յանձնառութեամբ, ինչպէս դարեր շարունակ մասնակից դարձանք Քրիստոսի խաչի ճանապարհին: Չմոռնանք երբեք, որ "Քրիստոս մեզի համար մեռաւ, որպէսզի մենք իրմով կենդանի ըլլանք" (Ա.Թս 5.10): * * *Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնին առիթով, եղբայրական ջերմ սիրով կʼողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով եկեղեցաշէն իրագործումներով երկար գահակալութիւն: Կʼողջունենք նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, իրենց մաղթելով բեղմնաւոր ծառայութիւն հայ եկեղեցւոյ անդաստանէն ներս:Հայրապետական օրհնութեամբ ու հայրական սիրով կʼողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թեմակալ Առաջնորդները, Հոգեւոր դասը, Ազգային Իշխանութիւնները, մեր ժողովուրդի կեանքին մէջ գործող կազմակերպութիւններն ու միութիւնները եւ մեր հաւատացեալ ժողովուրդը: Կʼաղօթենք առ Աստուած, որ Իր երկնային հովանիին ներքեւ պահէ ու պահպանէ Հայաստանի եւ Սփիւռքի մեր ազգին զաւակները, որպէսզի կարենանք, Յարուցեալ Փրկչին յաղթանակով հզօրացած, վերանորոգել մեր կեանքը եւ դիմագրաւել ներկայ ժամանակներու բազմազան մարտահրաւէրները: Քրիստոս յարեաւ ի մեռելոց,Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Սուրբ Զատիկ 2024 Անթիլիաս, Լիբանան»:
11:02 - 30 մարտի, 2024
Անընդունելի է Հայաստանում ազգ, հայրենիք, եկեղեցի բաժանելու փորձերը. Արամ Ա

Անընդունելի է Հայաստանում ազգ, հայրենիք, եկեղեցի բաժանելու փորձերը. Արամ Ա

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել ուսանող երիտասարդների հետ եւ զրույց ունեցել «Ազգ, հայրենիք, եկեղեցի» թեմայի շուրջ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) 60-ամեակի նուիրուած ձեռնարկներու ծիրին մէջ, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Շաբաթ, 17 Փետրուար 2024-ին, «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ տեղի ունեցաւ համագումարներու շարքին երրորդն ու վերջինը՝ «Հայրենիքն Ու Հայրենասիրութիւնը» խորագրով։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի կազմակերպութեամբ սոյն համագումարներու շարքի հովանաւորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը։ Համագումարին մասնակցեցան լիբանանահայ վարժարաններու, երիտասարդական եւ ուսանողական միութիւններու ներկայացուցիչներ։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ին անունով բացման խօսքով հանդէս եկաւ Կալի Աւագեան։ Ան դիտել տուաւ, որ Միութեան 60-ամեակին առնչուած այս երրորդ համագումարը տեղի պիտի ունենար աւելի շուտ, սակայն Արցախի աղէտին դժբախտ պատահարին հետեւանքով, Հ.Ե.Հ.Ո.Մ.ը նպատակայարմար գտած էր համագումարը յետաձգել։ Առ այդ, Կ. Աւագեան անդրադարձաւ Արցախի իրավիճակին եւ մէջբերելով Արցախի գծով Վեհափառ Հայրապետին թելադրութիւնները՝ քաջալերեց երիտասարդները գօտեպնդուելու հայ ոգիով եւ նոր թափով շարունակելու մեր ծառայութիւնը՝ հայրենիքի փրկութեան։ Ան աւելցուց, որ երիտասարդութիւնը կը հզօրացնէ ազգ մը, իսկ յուսահատութիւնն ու լացը փրկութիւն չեն ապահովեր։ Վերջապէս, ան հրաւիրեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր մտածումները, յորդորները, ցուցմունքներն ու թելադրութիւնները բաժնելու երիտասարդներունհ հետ՝ «Ազգ, Հայրենիք, Եկեղեցի» նիւթին շուրջ։ Նորին Սրբութիւնը, առաջին հերթին, ուրախութիւն յայտնեց երիտասարդներով շրջապատուած ըլլալուն համար՝ հաստատելով, որ այդպիսով աւելի կը պայծառանայ ապագայատեսիլ իր յոյսը, որովհետեւ երիտասարդութիւնը հոմանիշ է կենսունակութեան։ Ան շեշտելով երիտասարդ-երէց սերունդներու երկխօսութեան կարեւորութիւնը՝ ընդծեց, որ թէեւ դժուար է ոմանց համար ուրիշին լսելը, սակայն անհրաժեշտ է այդ, որովհետեւ երկու կողմերը իրարմէ սորվելիք ունին միշտ։ Օրինակները քաղելով Յիսուս Քրիստոսի կեանքէն՝ ան ըսաւ, որ Աստուած «վեր» չմնաց, այլ իջաւ մարդոց մօտ, ծառայի կերպարանք ստանալով՝ մօտեցաւ մարդուն. ուստի, Նորին Սրբութիւնը յորդորեց Աւետարանի օրինակները փոխադրել մեր կեանքին մէջ եւ փորձել նոյնանալ մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն։ Խորանալով նիստի նիւթին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկարելի է հեռու մնալ ներկայ դարու փոփոխութիւններէն եւ պատեր հիւսել մեր շուրջը, սակայն պէտք չէ փոփոխութիւնները ընդունիլ մեր ինքնութեան հաշւոյն։ Այս միտքէն մեկնելով՝ ան սահմանեց ազգասիրութիւն, հայրենասիրութիւն եւ եկեղեցասիրութիւն եզրերը ու մանրամասնեց այս երեքին իրարու սերտ առնչուածութիւնը։ Հայրապետը դիտել տուաւ, որ ազգ մը կրնայ պատմութեան ընթացքին կամաց-կամաց կորսուիլ, եթէ հայրենիք չունենայ, սակայն հայրենիքը հողը չէ միայն, այլ նաեւ մշակոյթի եւ արժէքներու մէկ ամբողջութիւն է։ Եթէ չըլլան արժէք եւ մշակոյթ, հողը լոկ հող մը կը մնայ։ Խօսելով եկեղեցասիրութեան կամ կրօնասիրութեան մասին՝ Նորին Ս. Օծութիւնը լուսարձակի տակ առաւ պատմութեան ընթացքին տարբեր ազգերու մօտ կրօնքին կարեւորութիւնը եւ անդրադառնալով հայութեանս՝ նկատել տուաւ, որ ներկայիս ջանք կը թափուի կրօնքը հեռացնելու մեր ազգային կեանքէն։ «Մեր պատմութեան մէջ քրիստոնէութիւնը հայացաւ եւ հայութիւնը քրիստոնէացաւ», ընդգծեց Նորին Սրբութիւնը՝ հաստատելով, որ անքակտելի նոյնացում ու միացում մը կայ մեր ազգ-հայրենիք-կրօնքին, այս պարագային՝ եկեղեցւոյ միջեւ։ Այս երեքին արժէքները իրարմէ տարբեր չեն։ Հայաստանի մէջ զանոնք իրարմէ բաժնելու փորձերը անընդունելի եւ արուեստական են։ Հայրապետը նշեց, որ հայոց պատմութիւնը եկեղեցւոյ պատմութիւնն է, նոյնպէս ալ եկեղեցւոյ պատմութիւնը՝ հայոց պատմութիւնը, իսկ երկուքը միասին քաղաքական մեր մտածողութեան պատմութիւնն են. բաժանման գիծեր կարելի չէ դնել։ Եզրափակելով իր խօսքը՝ Արամ Ա. Կաթողիկոս յատկապէս շեշտեց, թէ «ազգասիրութիւնը, հայրենասիրութիւնը ու եկեղեցասիրութիւնը իրարմէ անջատելը, փաստօրէն, տգիտութիւն է եւ, աւելի՛ն՝ ազգային հերետիկոսութիւն»։ Անոնք մէ՛կ ամբողջութիւն են. մէ՛կ էութեան, ինքնութեան, ինքնաճանաչման տարբեր տարածքներ են, սակայն իրարու հետ սերտօրէն ու անքակտելիօրէն առնչուած։ Նիստի աւարտին երիտասարդները առիթ ունեցան իրենց հարցումները ուղղելու Հայրապետին եւ արտայայտուելու Արցախի ու արցախահայութեան իրավիճակին, Սփիւռքի մէջ հայերէնի գործածութեան, ուսանողական կեանքի ներկայ մարտահրաւէրներուն, եկեղեցական ու ազգային գործունէութիւն ծաւալելու եւ այլ նիւթերու մասին»։  
11:27 - 18 փետրվարի, 2024
Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն Վատիկանում հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Ինչպես հաղորդում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգում են եղել դժվարությունները, որոնց ներկայում դիմակայում է Լիբանանը։ Այս համատեքստում Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը կարդինալին փոխանցել է Արամ Ա-ի մտահոգություններն ու պատկերացումները։ Նա նաև հայտնել է, որ Արամ Ա Կաթողիկոսը Լիբանանի կողմից դիմագրավվող դժվարությունների հարցով օրեր առաջ Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետի հետ։   Կարդինալը ողջունել է միջեկեղեցական և միջկրոնական հարցերով, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները բարվոք լուծելու ուղղությամբ Արամ Ա վեհափառի ջանքերը։
14:14 - 23 հունվարի, 2024
Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքին «Կովերի պարտեզ»-ի հարձակման կապակցությամբ

Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքին «Կովերի պարտեզ»-ի հարձակման կապակցությամբ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա տեղի ունեցած հարձակման դեպքին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։ Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խումբ մը անծանօթ մարդիկ յարձակում գործած են Պատրիարքարանի միաբանութեան ու պաշտօնէութեան վրայ, իբրեւ բողոքի արտայայտութիւն «Կովերու Պարտէզ»ին գծով Պատրիարքարանին առած իրաւական քայլերուն։ Կան վիրաւորներ ու նիւթական վնասներ։ Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:40-ին մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Հարձակման ժամանակ նրանք քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականները մարտի են բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը: Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:
10:47 - 29 դեկտեմբերի, 2023
Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին
 |armenpress.am|

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին |armenpress.am|

armenpress.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։ Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ «Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», - աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։ Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։
13:08 - 10 նոյեմբերի, 2023
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա կաթողիկոս

Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ ու կոչ է հղել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ, որում նա համազգային զորաշարժի կոչ է արել` նշելով, որ «հայությունը պետք է ոտքի ելնի»։ Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման: Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: Ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին: Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղի շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ ու հարձակողապաշտ: Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից ու բարեկամ Ադրբեջանին: Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները ու հրեա կրոնավորները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմիվ: Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով: Մինչ այժմ, ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար: Ոչ մի  շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի հարյուր քսան հազար (120,000) անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհին առաջ։ Փաստորեն անպաշտպան ենք ու առանձին: Չի՛ կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է և մեր ազգի առաջնահերթությունը։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը կարող է Հայաստանը գտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, հազա՛ր անգամ զգույշ...: Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվող զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված ու ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից: Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ ենք անում մենք։ Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ իրեն: Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով ամուր պահել: Այժմ, չենք կարող այլևս հանդիսատես մնալ ներկայիս ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության  առաջ՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է. դանակը արդեն հասել է ոսկորին։ Հետևաբար, այս պահին Անթիլիասի Մայրավանքից կոչ ենք ուզում․ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ Այո՛, համազգային զորաշարժ. այլ ընտրանք չկա: Սիրելի՛ զավակներ հայ ազգի, այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր զորության կռվանը: Հետևաբար, Առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ մեր ազգի հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք մեր առաջ։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»:
16:53 - 21 սեպտեմբերի, 2023