Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում։ Թեեւ երեկվանից տեղահանվածների հաշվառման գործընթացն այստեղ այլեւս չի իրականացվում, հավաքակայանն այսօր էլ մարդաշատ է։
Կոռնիձորի մի շարք բնակիչներ եւ կամավորներ, մայթերին կանգնած, դիմավորում են անցնող շարասյանը, կանգնենցում, ըստ անհրաժեշտության սնունդ, ջուր, սենդվիչներ, քաղցրավենիք տրամադրում։
Իսկ տեղադրված վրաններն արդեն գրեթե դատարկ են, գործում են հիմնականում սննդի, հագուստի, բժշկական օգնության հետ կապված հարցերի համար։
Համայնքապետարանի աշխատակից Լուսինե Քարամյանը Infocom–ի հետ զրույցում հայտնեց՝ հաշվառումը այստեղ չի գործում, քանի որ տեղափոխել են Վայք․ Գորիսում արդեն տեղ չկա։ Այժմ իրենք եւ կամավորական խմբերը զբաղված են առաջին օգնություն ցուցաբերելով․ «Համայնքապետարանի, մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների կողմից առաջին օգնություն է տրամադրվում եւ սնունդ, ով ինչով կարողանում է, օգնում է, մինչ այս գրանցումներ էինք անում, թե ով որտեղ պիտի տեղափոխվի, հիմա էլ չենք գրանցում, միայն եթե կան մարդիկ, որ ցանկանում են ապրել Կոռնիձորում կամ հարակից գյուղերում, փորձում ենք օգնել նաեւ գիշերակացով կամ հիմնական կեցությունով»։
Հարցին՝ մարդկանց տեղեկացվո՞ւմ է, որ իրենք այստեղ էլ չեն հաշվառվում, եւ թե ուր պիտի գնան, Քյարամյանը դրական պատասխանեց․ «Համապատասխան մարդիկ կան, որոնք տեղեկացնում են՝ ուր պիտի գնան, որտեղ գրանցվեն, ամեն ինչ համակարգված է»։
Թե որքան կմնան այստեղ, Լուսինեն դժվարացավ ասել, նշեց՝ պիտի սպասեն, ինչքան որ մարդիկ գան։
Տեղում է նաեւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը․ «Մենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետի կողմից այստեղ նշանակվել ենք, որպեզի լինենք մեր ազգի զավակների կողքին, նրանց հոգեբանական օգնություն ցույց տանք, մեր հիմնական նպատակը դա է, որպեսզի մեր կողմից ինչ հնարավոր է, անենք»,– մեր զրույցում ասաց նա։
Հավելենք, որ Վայքի հաշվառման կետն արդեն գործում է։ Որպես այդպիսին ծառայում է քաղաքի մշակույթի տունը։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվել է 50 243 քաղաքացի։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)