ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ալեն Սիմոնյանը, անչափ կարևորելով Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը:
«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության մոտեցմամբ:
Իռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը: Ծավալուն քննարկումներ են ընթացել Հայաստան տեղափոխվող ԼՂ տեղահանված բնակչության կարիքների, իրավունքների և հետագա ճակատագրի շուրջ: Իռլանդացի գործընկերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի հետ սերտ կապեր հաստատելն անհրաժեշտություն է, և այն պետք է սկսել հենց միջխորհրդարանական հարաբերություններից: Նա խաղաղության հասնելու միակ ճանապարհ է համարել սեղանի շուրջ բանակցություններ վարելը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում հակամարտությունների լուծման հարցում ներդնել իր ջանքերը:
«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:
comment.count (0)