tert.am: Ինձ համար շատ տարակուսելի էր, որ պարոն Կարապետյանը աշխարհասփյուռ հայությանը դիմել է ռուսերենով։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, որով Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր դավաճանության մեջ։
«Այդտեղ մեկնաբանելու բան չկա, ակնկալում եք, որ ես պետք է պատասխանե՞մ այդ հարցին։ Կարող եք նայել ժամանակագրությունը և տեսնել՝ երբ, ինչ է տեղի ունեցել։ Ես պետք է ասե՞մ՝ ում հրամանով ինչ է եղել»,- ասաց նա։
Անդրադառնալով Արշակ Կարապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու համար, Եղոյանը ասաց․
«Դա ցնդաբանություն է, ամոթ է նույնիսկ։ Եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պետք է մտնեն քաղաքականություն, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ։ Դուք չե՞ք տեսնում քաղաքական իրավիճակը մեր երկրում, չտեսա՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։
Հիմա ուզում եք՝ մենք տեսախցիկների առաջ քննարկենք, թե սահմանների պաշտպանության ժամանակ ով ինչպե՞ս է կատարել իր գործառույթը։ ՀՀ սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, դրա համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում, մեդալներ»։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեսախցիկների առաջ նպատակահարմար չէ քննարկել այդ հարցը։
«Իմաստ չունի քննարկել մի մարդու արտահայտություններ, որոնցով նա իր ծառայություններն է առաջարկել կոնկրետ մարդկանց, կոնկրետ բևեռների, ինչպես շատերն են անում»,- ասաց Հովհաննիսյանը։
comment.count (0)