tert.am: 2020 թ. Սփյուռքի ոլորտում ծրագրերի իրականացումը բաժանել ենք երկու ուղղությունների՝ ՀՀ-Սփյուռք գործակցության իրականացումը և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավումը, որոնց համար ընդհանուր կպահանջվի 775 մլն դրամ. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ առաջին ուղղությունը, որին ակնկալում են 450 մլն դրամ հատկացնել՝ 6 ծրագրեր են ենթադրում: Նրա խոսքով՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայապահպանության բաղադրիչ ունի, և հաջորդ տարի 140 մլն դրամ կհատկացվի և կհյուրընկալեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասարդների, որոնք կծանոթանան ՀՀ-ին, կբարելավեն հայերենը:
Երկրորդ ծրագիրը երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրն է, որի համար կհատկացվի 25 մլն դրամ: Երրորդ ծրագիրը ՀՀ հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկան է, որը Զարեհ Սինանյանի խոսքով՝ բոլորովին նոր ծրագրիր է և նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին ՀՀ բերելուն: Արդյունքում նախատեսվում է մինչև 20 երիտասարդների ծախսերը հոգալ, և դրա համար հատկացնել 90 մլն դրամ:
Հաջորդ աջակցությունը, ըստ հանձնակատարի, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին է ուղղվում, որը գնահատվում է 10 մլն դրամ: Եվ վերջին ծրագիրը՝ աշխատանքն է Սփյուռքի համայնքներում: «2020 թ. նախատեսվում է մոտ 80 գործուղում և դրա համար նախատեսվում է 125 մլն դրամ»,-ասաց նա:
Ծրագրերի իրականացման երկրորդ ուղղության համար 325 մլն դրամ է նախատեսվում, որի առաջին ծրագիրը Սփյուռքի քարտեզագրման ծրագիրն է, և ներուժի բացահայտման նպատակ ունի: Ըստ Զարեհ Սինանյանի՝ բյուջեից դրա համար կհատկացվի 115 մլն դրամ:
Սփյուռքի ներուժի վերաբերյալ երկրորդ մասը տվյալների համակարգի ստեղծումն է: «Այսինքն՝ տեղեկությունները հավաքում ենք, պետք է հավաքագրվեն ու վիրտուալացվեն, էլեկտրոնային պլատֆորմ կձևավորվի: Այս տարվա բյուջեում դրա համար 35 մլն դրամ է հատկացվում»,-ասաց նա:
comment.count (0)