Շարունակվում են Անահիտ Մանասյանի և Դունյա Միյատովիչի համատեղ այցերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ
19:54 - 18 հոկտեմբերի, 2023

Շարունակվում են Անահիտ Մանասյանի և Դունյա Միյատովիչի համատեղ այցերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ:
 
Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:
 
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին:
 
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
 
Բացի այդ, Պաշտպանն այցելել է նաև բռնի տեղահանված անձանց` Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:
 
Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
 
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։
 
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել