Վահագն Խաչատուրյանը և Վիեննի քաղաքապետը քննարկել են Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունները
18:55 - 23 հոկտեմբերի, 2023

Վահագն Խաչատուրյանը և Վիեննի քաղաքապետը քննարկել են Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Թիերի Կովաքսը Հայաստանում է գտնվում որպես Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց, ով ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մարտին և համագործակցության համաձայնագիր կնքել Սյունիքի մարզի հետ: Այցի ընթացքում Թիերի Կովաքսին ուղեկցում է Վիեննի փոխքաղաքապետ, հայազգի Լևոն Սաքունցը:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության համար:

«Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ հաղթահարվում են բազմաթիվ խնդիրներ, իսկ Ձեր սրտացավ վերաբերմունքը մեծ ոգևորություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թիերի Կովաքսը նախագահ Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել իր այցելության շրջանակներում նախատեսված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի համայնքների միջև տեղային մակարդակում փոխգործակցության խթանման հնարավորություններին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունների և տարբերակների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել