Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|
11:46 - 24 հոկտեմբերի, 2023

Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը և հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Նոտարիատի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Ըստ Մնացական Սաֆարյանի՝ «Նոտարիատի մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներն ու անհամապատասխանությունները, մասնավորապես՝ ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, և ավելացնել QR կոդի ու «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթները:

««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում՝ հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:

Բացի դրանից՝ հյուպատոսական ծառայության մասին օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է 6 փոփոխության: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողությունների, և որում երբևիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում են դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2021 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին և թերի են»,- ասաց Մնացական Սաֆարյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչով է ճզմիչ կնիքը խանգարում աշխատանքներին, որ այն հանելու որոշում է կայացվել:

«Դա ավելորդություն է, որովհետև թվայնացումը բերում է աշխատանքների ավելի դյուրինացման, և ընդհանրապես, ճզմիչ կնիքները հիմա դուրս են գալիս կիրառությունից: Այդ պատճառով նաև այս կարգավորումն ենք մտցրել»,- ասաց Մնացական Սաֆարյանը:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագիծը ներկայացնելիս մանրամասնեց, որ առաջարկվում է նաև սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը, այն է՝ հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս կարող է պարզել, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ:

Առաջարկվում է նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել հյուպատոսական պաշտոնատար անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին:

«Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի նախագծերի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը, և կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը»,- մանրամասնեց Դավոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել