Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին
23:04 - 24 հոկտեմբերի, 2023

Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:

«Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդգծում երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների և նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

«Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել