Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է։
Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:
«Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:
«Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ:
Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան:
Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ:
Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար:
Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
comment.count (0)