Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվել է։ Այս մասին հայտնում է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը՝ նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել էին հուլիսի 29-ին։
Ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Արմեն Սմբատյանը, Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թ․ ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
comment.count (0)