Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան
18:27 - 06 նոյեմբերի, 2023

Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում: 
  
«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետևանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետևանքներ ունեցավ շատ երկրների համար: 
  
Աշխարհակարգի փոխակերպման այս գործընթացը սկսվել է ուկրաինական պատերազմից երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկու տարի անց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ` տասնամսյա շրջափակումից հետո: Ակնհայտորեն, այս ագրեսիայի նպատակն էր հայերի էթնիկ զտումը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 100.600 մարդ ստիպված եղան լքել իրենց տները և ապաստան փնտրել Հայաստանում: 
  
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում են. նախաձեռնվել են մի շարք աջակցման ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա և այժմ չի համաձայնում մասնակցել Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին: 
  
Այս տարի` հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ նախատեսվում էր հնգակողմ հայտարարության տեքստի ստորագրում: Փաստաթուղթն անդրադառնում էր Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նախկինում նշված է եղել նախագահ Շառլ Միշելի` 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում: Փաստաթղթի հաջորդ սկզբունքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումն է, որը պետք է հիմնված լինի կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա: Հաջորդ սկզբունքը, որն ամրագրվել է նաև Գրանադայի հայտարարության մեջ, վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված: Այս բանակցություններից խուսափումը մեզ չափազանց մտահոգում է և հղի է վտանգներով, ինչպիսին է ՀՀ վրա հարձակման ռիսկը: 
  
Հարգելի՛ գործընկերներ, չնայած հատկապես բարդ և լարված միջազգային համատեքստին, եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա»,- նշել է պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել