Սոնա Ղազարյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։Ծնվել է 1993թ. մարտի 30-ին Երեւանում:

2013թ. ավարտել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը:

2015թ.՝ Եվրոպայի քոլեջը (Լեհաստան): Եվրոպագիտության մագիստրոս:

2015-2016թթ. աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնի շուկայագետ: 2016-2017թթ.՝ «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերի ղեկավար: 2017թ. եղել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը: 2017-2018թթ.՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ լրատվության փորձագետ եւ մշտադիտարկման մասնագետ: 2018-2019թթ.՝ «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու: 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատող: 2018թ. սեպտեմբեր-2019թ. հունվար՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք):

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան
 |1lurer.am|

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Սոնա Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը: Այն պատգամավորները, որոնք հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթներն ուղարկել հրապարակման: Նման հնարավորությունից օգտվել է նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում և դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը: Այս երևույթին մենք` հայերս, բախվում են ամեն օր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա: The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա: Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում: Բնականաբար, այս ամենն ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ: Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում, պաշտպանում է տեղեկատվության ազատությունը: ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումների համաձայն` ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումն առանցքային գործոն է: Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում: Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում և, իսկապես, անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա: Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարևոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել. նպաստել մեդիագրագիտությանը: Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու և լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով: Խրախուսել թափանցիկությունը: Կարևոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության և թափանցիկության որոշումների ու ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության և հասարակության միջև: Ամփոփելով` ակնհայտ է, որ թեև քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա և ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը: Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում: Շնորհակալություն»:
11:15 - 02 հոկտեմբերի, 2024
ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը |1lurer.am|

1lurer.am: Այսօր խորհրդարանը շարունակեց ապրիլի 9-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշեց՝ իրենց խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը և հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Որոշումն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
11:03 - 12 ապրիլի, 2024
Պարբերաբար բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Պարբերաբար բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: «Վերջին տարիներին մենք ավելի և ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին և ազատազրկումներին, և այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսևորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե՛ Փարիզում, թե՛ Ստրասբուրգում: Շնորհավորում եմ զեկուցողներին հիանալի զեկույցների համար: Թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ այսօր, ես շարունակաբար մտածում եմ` ինչպե՞ս մենք` որպես մարդու իրավունքները հիմքում ունեցող առաջատար կառույց, կարող ենք պաշտպանել ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման, լրագրողների` իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու միակ պաշտպանը և երաշխիքը: Մենք, պարբերաբար, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, բախվում ենք մի շարք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ, որոնք շատ հաճախ դրական շարժառիթներով կարող են բացասական հետևանքներ առաջացնել: Նման քննարկումներ ունեցանք այս շաբաթ մեր հանձնաժողովում, երբ քննարկում էինք խոսքի ազատության և պրոպագանդայի միջև անցնող շատ նուրբ սահմանը, ու քննարկում էինք, որ կամարտահայտմամբ բոլոր ձևերը կարող են տարբեր պետություններում տարբեր դրսևորումներ ունենալ: Ես հարց եմ ուղղում ինքս ինձ` արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ավանդական ուսուցումը չի բավարարում հաղթահարելու այսօրվա մարտահրավերները, արդյոք դպրոցի շրջանավարտն ունի՞ բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե՛ որպես կառույց, թե՛ ազգային մակարդակով»,- ասել է Սոնա Ղազարյանը:
13:06 - 26 հունվարի, 2024
Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին

 |aravot.am|

Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին |aravot.am|

aravot.am: Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց վերջերս քննարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը բյուջեում արտացոլված չէ. «Դուք խոսեցիք պետական նշանակության ճանապարհների կառուցման մասին, ես կուզեի որպես անվտանգության ապահովման հերթական պրոյեկտ՝ ապաշրջափակումը ներկայացնեիք բյուջեում եւ ասեիք, թե ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը գալիք տարվա շրջանակներում»: Նախարարը պատասխանեց, որ ենթակառուցվածքների զարգացման համար բավականին միջոցներ են նախատեսված ու արտացոլված են այն աշխատանքները, որոնք պլանավորած է մյուս տարի իրականացնել. «Ինչպես գիտեք, Խաղաղության խաչմերուկը ոչ միայն մեր գործողություների հետեւանքով պետք է իրականություն դառնա, այլ նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Եթե երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի եւ այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում մենք ունենք պահուստային ֆոնդ, այնտեղ կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, մենք ունենք բավարար միջոցներ՝ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»:
11:07 - 15 նոյեմբերի, 2023
Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում:   «Հարգելի՛ գործընկերներ,Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետևանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետևանքներ ունեցավ շատ երկրների համար:   Աշխարհակարգի փոխակերպման այս գործընթացը սկսվել է ուկրաինական պատերազմից երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Երկու տարի անց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ` տասնամսյա շրջափակումից հետո: Ակնհայտորեն, այս ագրեսիայի նպատակն էր հայերի էթնիկ զտումը: Երեք օրերի ընթացքում ավելի քան 100.600 մարդ ստիպված եղան լքել իրենց տները և ապաստան փնտրել Հայաստանում:   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում են. նախաձեռնվել են մի շարք աջակցման ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այն հանգամանքին, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա և այժմ չի համաձայնում մասնակցել Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին:   Այս տարի` հոկտեմբերի 5-ին, Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ նախատեսվում էր հնգակողմ հայտարարության տեքստի ստորագրում: Փաստաթուղթն անդրադառնում էր Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նախկինում նշված է եղել նախագահ Շառլ Միշելի` 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում: Փաստաթղթի հաջորդ սկզբունքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումն է, որը պետք է հիմնված լինի կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա: Հաջորդ սկզբունքը, որն ամրագրվել է նաև Գրանադայի հայտարարության մեջ, վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված: Այս բանակցություններից խուսափումը մեզ չափազանց մտահոգում է և հղի է վտանգներով, ինչպիսին է ՀՀ վրա հարձակման ռիսկը:   Հարգելի՛ գործընկերներ, չնայած հատկապես բարդ և լարված միջազգային համատեքստին, եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ թե ուշ կազդի ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման վրա»,- նշել է պատգամավորը:
18:27 - 06 նոյեմբերի, 2023
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամվորներին Լոնդոն գործուղելու մասին։ Մասնավորապես, համաձայն կարգադրության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվելու է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը (հունիսի 4-9-ը),Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ   հաղորդակցության վարչության լրատվության   արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր Դավիթ Հակոբյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության  արտադրության բաժնի հեռուստաoպերատոր Հրայր Քալաշյանը։ Գործուղման ծախսերը պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին են։
11:17 - 27 մայիսի, 2023
Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|

Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը, այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին: Ավելին, թվային էկոհամակարգում, կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսեւորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից: Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունը ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ասել է Սոնա Ղազարյանը:
12:00 - 02 մայիսի, 2023
«Արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ»․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

«Արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ»․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար: Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ անդամ պետությունները չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում ՄԻԵԴ վճիռները եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Բավականին հաճախ: Եվ նրանք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ: Եկեք մտածենք, թե ինչպես է վերը նշվածը վնասում կազմակերպությանը եւ նրա նախաձեռնություններին»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
13:10 - 26 ապրիլի, 2023
ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիերի հետ: Կարևորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը և հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
17:51 - 03 փետրվարի, 2023
ԵԽԽՎ նիստերի օրակարգում ընդգրկվել է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը

ԵԽԽՎ նիստերի օրակարգում ընդգրկվել է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը

ԵԽԽՎ-ի նիստերի օրակարգում ընդգրկվեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը: Կողմ՝ 91 ձայն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
16:47 - 23 հունվարի, 2023
Սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ուղիղ հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը՝ Սոնա Ղազարյանի նամակին

Սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ուղիղ հարձակում է ՀՀ ինքնիշխանության վրա. Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը՝ Սոնա Ղազարյանի նամակին

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար՝ պատգամավոր Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում և նոր հարձակման վտանգը: Պատասխան նամակում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա: Հաջակցություն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են: ADR խմբակցության ղեկավար Ֆերնանդ Կարթհայզայերը տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է պատգամավորի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ հարցերին, վերահաստատել Ադրբեջանի գործողությունների դատապարտումը՝ ընդգծելով, որ դրանք դատապարտվել են Եվրամիության կողմից: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարևոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ: Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից:
13:14 - 19 հոկտեմբերի, 2022
Զարմացած եմ, թե ինչպես հարևան երկրներում բարձրաստիճան կին պաշտոնյաները կարող են խոսել պատերազմի օգտին. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Զարմացած եմ, թե ինչպես հարևան երկրներում բարձրաստիճան կին պաշտոնյաները կարող են խոսել պատերազմի օգտին. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: «20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, և ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, և, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, որը ներկայումս Ստրասբուրգի քաղաքապետն է: Մեկ այլ հայ ուժեղ կին՝ Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչև 1921 թ.՝ նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը: Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբևէ, բայց դեռևս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում: Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին: Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության և անվտանգության հարցերում: Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին և մարտահրավերներին: Ագրեսիվ պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց և աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց և աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց և աղջիկների վրա: Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները և հարևան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի և բռնության օգտին՝ գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:    
15:55 - 23 հունիսի, 2022
Ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։ Ելույթը՝ ստորև․  «Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված եւ ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարում: Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն կառուցում են իրենց նախընտրական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ՝ գործողություններն ատելության, ռասիզմի եւ այլատյացության վրա: Դա տեղի է ունենում Եվրոպայում եւ Եվրոպայի սահմաններից դուրս: Երբեմն նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում եւ ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել եւ հաղթահարել այն ատելությունը, որը նրանք ստեղծել են եւ սերմանել: Հատկապես վտանգավոր է, երբ անմիջական հարեւանությամբ ապրող հասարակության նկատմամբ է տարածվում ու քարոզվում նման ահռելի ատելություն: Եւ ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը, միեւնույն ժամանակ, խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք Բաքվի Ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը եւ անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության եւ ռասիզմի դեպք էր: Հայ զինվորների մանեկենները հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա: Արդարադատության միջազգային դատարանն արդեն ներկայացրել է միջանկյալ որոշում՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության եւ խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների եւ հասարակական հաստատությունների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ»: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանում պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում եւ քարոզում ատելություն հայերի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը եւ իր խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն եւ պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը եւ այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով, եւ մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
12:52 - 22 հունիսի, 2022
Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի հետախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց Արարատ Միրզոյանը: «Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե այդ համատեքստում ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ, արդյոք այդ հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ: ԱԳ նախարարն արձագանքեց` Հայաստանի մոտեցումներն ուժի մեջ են: «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Ցավոք սրտից համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենապաստ չեն, որպեզի երեքով կարողանան քննարկում կազմակերպեն»,- ասաց Միրզոյանը:
17:52 - 13 ապրիլի, 2022
Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:
15:25 - 08 փետրվարի, 2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձեւերի համար: Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան: Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:
10:46 - 02 փետրվարի, 2022