Պեմզաշենի գործով մեղադրվողները խնամքին անչափահաս երեխաներ ունեն |factor.am|
14:50 - 09 նոյեմբերի, 2023

Պեմզաշենի գործով մեղադրվողները խնամքին անչափահաս երեխաներ ունեն |factor.am|

factor.am: Պեմզաշենում երկու անչափահաս երեխայի և վերջիններիս մորը սպանելու մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը խնամքին երեք անչափահաս երեխա ունի, Արկադի Բարսեղյանը` մեկ երեխա: Այս մասին նրանք հայտարարեցին գործի քննության մեկնարկին, երբ դատարանը պարզում էր մեղադրյալների ինքնությունը:

Վրույր Բարսեղյանի կրթությունը 6-ամյա է, Արկադի Բարսեղյանինը` միջնակարգ: Վերջինս դատարանում հայտարարեց, որ արդար դատաքննություն է պահանջում:

«Ես այդ մարդկանց չեմ տեսել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Այսօր այս գործով նախնական դատալսումներն են, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև գործի ընդդատության հարցը, այսինքն` այն հարցը, թե արդյոք գործի քննությունը պետք է Երևանի՞, թե Շիրակի մարզի դատարանում իրականացվի:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ գործով 25 վկաներից 21-ը Շիրակի մարզից են: Դատախազ Արեգ Խաչատրյանը, տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը և մեղադրյալ Արկադի Բարսեղյանը չառարկեցին, որ գործը տեղափոխվի Շիրակի մարզ, սակայն Վրույր Բարսեղյանը պնդեց, որ գործը Երևանում քննվի: Գործի ընդդատությունը որոշելու հարցում մեղադրյալների դիրքորոշումը որոշիչ է, և եթե մեղադրյալներից մեկն առարկում է, այն պետք է քննվի Երևանում: Գործի քննությունն այժմ շարունակվում է:

Դրա շրջանակներում Արկադի Բարսեղյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազ Արեգ Խաչատրյանի դեմ` նշելով թե գործով թերի, մեղադրական ուղղվածությամբ քննություն է իրակայանցվել: Վրույր Բարսեղյանի պաշտպանն ու դատավարության մյուս մասնակիցներն առարկեցին միջնորդության դեմ` նշելով թե այն անհիմն է: Դատարանը մերժեց միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել